Ընդհանրապես ճանապարհ փակելը լավ ավանդույթ չէ. Հովիկ Աբրահամյան
«Ընդհանրապես ճանապարհ փակելը լավ ավանդույթ չէ, դրանով ոչ մի հարց չի լուծվում՝ և տնտեսական, և քաղաքական առումներով»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե այսօր նշվում է գյուղատնտեսության աշխատողի օրը, արդյոք օր տոնական է գյուղացիների համար, եթե գրեթե ամեն օր նրանք ճանապարհ են փակում և չեն կարողանում իրենց բերքը իրացնել:
Վարչապետը նախ չհամաձայնեց այդ մտքի հետ, թե գյուղացիներն ամեն օր ճանապարհ են փակում:
«Մենք մի քանի անգամ խոսել ենք այդ մասին, որ այս տարի ունենք առատ բերք և ունենք իրացման, արտահանման նվազում, դրա համար վերամշակող գործարաններն ունեցել են խնդիրներ, այսօր էլ ունեն խնդիրներ»,- ընդգծեց վարչապետը:
Ըստ Հ.Աբրահամյանի՝ մի քանի անգամ հայտարարել են, սակայն ևս մեկ անգամ հայտարարեց, որ առատ բերքը չի մնալու դաշտում:
«Բոլոր վերամշակող գործարաններին օգնելու ենք, հորդորելու ենք, որ օգնեն: Իհարկե խնդիրը դրանով չի լուծվելու, ունեն նաև վճարման, իրացման խնդիրներ, որ կառավարությունը ձեռնամուխ է լինելու և օգնելու է մեր վերամշակողներին, օգնելու է այնքանով, ինչքանով մենք հնարավորություն ունենք,»,-ասաց վարչապետը:
Մասնավորապես, վերամշակող ընկերությունները առաջարկել են, որ վարկերը երկարաձգեն մինչև տարվա վերջ և այդ հարցը, ըստ Հ.Աբրահամյանի, ՀՀ նախագահի և կենտրոնական բանկի հետ քննարկել են և լուծում տվել:
«Երեկ կառավարությունը 7 միլիարդ դրամ հատկացրել է Կենտրոնական բանկին, որը գյուղացուն կտրամադրվի ՀՀ դրամով՝ 8 տոկոսով: Կարծում եմ, որ դա կոնկրետ գյուղացուն աջակցություն է»-,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ տարեկան ութ տոկոսը՝ այն էլ դրամով, շատ լավ տոկոսադրույք է, չի եղել նման տոկոսադրույք:
Ամեն դեպքում, ինչպես ասաց Հ.Աբրահամյանը, գյուղատնտեսությունը ՀՀ կառավարության համար համարվում է առաջնահերթ ոլորտ, և ամեն ինչ անելու են, որպեսզի համախմբված խնդիրներին լուծում տան:
Անդրադառնալով բյուջեի կատարողականին, վարչապետն ասաց, որ այդ հարցին կանդրադառնան տարեվերջին, սակայն ամեն ինչ անում են՝ միաժամանակ չվնասելով գործարարին, տնտեսական դաշտին, և որևէ ծրագիր չի կրճատվելու:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները