«Al Jazeera»-ի եթերում փորձագետները պնդել են, որ ՄԻԵԴ-ը Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ չի դրել
«Al Jazeera» հեռուստաընկերության Insight Story հաղորդաշարի եթերում երեկ ՄԻԵԴ-ի կողմից կայացված «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործով վճռի վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել դատական գործին որպես երրորդ կողմ ներգրավված ՀՀ կառավարության շահերը ներկայացնող բրիտանացի հեղինակավոր մարդու իրավունքների պաշտպան Ջեոֆրի Ռոբերթսոնը:
Անդրադառնալով դատական վճռին՝ Ռոբերթսոնը ընդգծել է, որ դատարանի որոշումը նշանակում էր ոչ թե Ցեղասպանության ժխտումը քրեականացնող Շվեյցարիայի օրենքի անհամապատասխանություն, այլ որ կոնկրետ Փերինչեքի դեպքում տեղի է ունեցել օրենքի անհամաչափ կիրառում, ուստի որոշումը որևէ կերպ չի ենթադրում այդ օրենքի փոփոխություն:
«Դատարանը շեշտել էր և կրկին անգամ շեշտեց, որ ամեն ինչ կախված է համատեքստից: Հետևաբար որևէ կարիք չկա շվեյցարական օրենքը փոխելու՝ եթե դու գործ ունես մեկի հետ, ով ժխտում է Ցեղասպանությունը, մարդկանց մոտ այդ կերպ ռասայական ատելություն սերմանում ու վիրավորում հայերին, ապա անկասկած այդ օրենքի կիրարկումը նրա նկատմամբ ամբողջովին համաչափ է»,- նշել է Ռոբերթսոնը:
Վերջինս ընդգծել է, որ այս ամենը ցույց է տալիս, որ Փերինչեքը սովորական սադրիչ է, ում չպետք է դարձնեին նահատակ, ինչին նա այդքան ձգտում էր:
Պարզաբանելով, Ռոբերթսոնը նաև նկատել է, որ արտահայտվելու ազատության կարևորությունը վերահաստատող այս վճիռը լուրջ հետևանքներ կունենա հենց Թուրքիայի համար, քանզի այնտեղ այլևս չեն կարողանա արդարացնել Հրանտ Դինքի նմաններին քրեական հետապնդման ենթարկելու իրենց գործողությունները:
Շարունակելով իր դիտարկումները՝ Ռոբերթսոնն ընդգծել է, որ ՄԻԵԴ-ի վճիռը ամբողջովին բավարարել է ՀՀ կառավարության պահանջները, քանի որ այդ վճռով բացարձակապես չի վիճարկվել Հայոց ցեղասպանության փաստը:
«Մենք իրապես երջանիկ ենք, քանի որ դատարանը բավարարել է մեր պահանջները: 10 դատավորներ ասացին, որ Ցեղասպանության ճանաչման հարցն ընդհանրապես չի քննարկվել, իսկ դատավորներից 7-ն էլ հայտնեցին, որ Հայոց ցեղասպանությունը պատմականորեն հաստատված փաստ է»,- նշել է Ռոբերթսոնը:
Հաղորդմանը մասնակից Պրինսթոնի համալսարանի միջազգային իրավունքի մասնագետ Ռիչարդ Ֆոլկը և քաղաքականության ու հանրային կապերի հարցերով մասնագետ Արիեհ Կովլերը նույնպես ընդգծել են, որ դատարանը այս վճռով չի վիճարկել Հայոց ցեղասպանության եղելության հարցը:
Այս կապակցությամբ՝ հակադարձելով Ռիչարդ Ֆոլկի այն տեսակետին, թե իրավական տեսանկյունից բարդ է ռետրոսպեկտիվ նշել, որ հայերի հետ կատարվածը Ցեղասպանություն էր, Ջեոֆրի Ռոբերթսոնը ընդգծել է, որ բանախոսը փորձում է պարզեցնել հարցի իրավական տեսանկյունը:
«Հենց Հայոց ցեղասպանությունն է ոգեշնչել Ռաֆայել Լեմկինին՝ միջազգային հանրության համար մշակել օրենքներ ցեղասպանության նման քրեական գործունեության դեմ, եթե նույնիսկ դրանց իրականացման պահին, նման գործողությունները սահմանված չեն եղել որպես Ցեղասպանություն: Ցեղասպանությունը կոնվենցիայի շրջանակներում է ներառվել ոչ միայն Հոլոքոստի հետևանքով, այլ հենց Լեմկինի աշխատանքների, որոնք ոգեշնչված են Հայոց ցեղասպանությամբ: Վերցրեք Ցեղասպանության մասին կոնվենցիայի դրույթներն ու այն կիրառեք 1915 թվականի դեպքերի նկատմամբ»,- նշել է Ռոբերթսոնը:
Իրավապաշտպանը հավելել է, որ սխալ է ծայրահեղականացնել հարցի իրավական տեսանկյունը , հակառակ դեպքում կստացվի, որ Հոլոքոստը Ցեղասպանություն չէ:
«Այդ դեպքում է ինչ է՞, նշանակում է Հոլոքստը նույնպես Ցեղասպանություն չէր»,- նկատել է Ռոբերթսոնը:
Այս կապակցությամբ նա հավելել է, որ որևէ դեպքում ընդունելի չէ միայն Հոլոքոստը դիտարկել որպես միակ Ցեղասպանություն, կա Հայոց ցեղասպանություն, Ռուանդայի ցեղասպանություն և հիամ էլ այն նկատվում է Իսլամական պետության գործողություններում:
Հայոց ցեղասպանության՝ իրավական տեսանկյունից Ցեղասպանություն լինելու առումով Ռոբերթսոնը հիշեցրել է, որ նման հստակ իրավական գնահատականներ են տվել դեռ 1986 թ-ին ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Բենջամին Ուիթաքերը և The International Centre for Transitional Justice» խմբի իրավաբանները:
«Կասկած չկա, որ հայերի հետ տեղի ունեցածը Ցեղասպանություն է, ինչպես որ այն սահմանում է Ցեղասպանության մասին 1948 թ-ի կոնվենցիան»,- հավելել է Ռոբերթսոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան