Սպանված Բորիս Նեմցովը դարձել է ԵՄ Սախարովի մրցանակի հավակնորդ
Ռուս սպանված ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը, Սաուդյան բլոգեր Ռաիֆ Բադաուին և Վենեսուելայի Ժողովրդավարական ընդդիմությունը դարձել են Եվրոպական միության մարդու իրավունքների բարձրագույն՝ Սախարովի մրցանակի երեք հավակնորդները։
Հավակնորդների եռյակը հայտարարվել է նախօրեին Եվրոպական խորհրդարանի կողմից և Սախարովի մրցանակի հաղթողին կընտրեն Եվրոպական խորհրդարանի նախագահն ու քաղաքական խմբերի ղեկավարները հոկտեմբերի 29-ին, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին՝ Ստրասբուրգում։
Բորիս Նեմցովը ՌԴ նախկին փոխվարչապետ և ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, ով սպանվեց Մոսկվայում 2015թ․-ի փետրվարին։
Բադաուին ձերբակալվել է 3 տարի առաջ և դատապարտվել 10 տարվա ազատազրկման և 1000 խարազանումների՝ իսլամական արժեքները իբր վիրավորելու համար։ Վենեսուելայի Ժողովրդավարական ընդդիմության մի քանի անդամներ բերման են ենթարկվել և դատապարտվել տնային կալանքի։ Վենեսուելայի Ժողովրդավարական ընդդիմությունը կառավարող կուսակցությանն ընդդիմացող կոալիցիա է։
Սախարովի մրցանակը Եվրոպական խորհրդարանի կողմից տրվում է ամեն տարի։ Այն հաստատվել է 1988թ․-ին, որը պարգևատրում է անձանց և կազմակերպություններին՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության համար։