Գյուղատնտեսության համախառն արտադրանքի 97 տոկոսն ապահովվում են ընտանեկան գյուղացիական տնտեսությունները. Վարչապետ
«Խորհրդանշական է, որ այս տարի համաժողովի անցկացման օրը համընկել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հիմնադրման օրվա հետ: Այս առիթով ցանկանում եմ սրտանց շնորհավորել կազմակերպությանը՝ հիմնադրման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: Մենք մեծապես գնահատում ենք Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներդրած ավանդը, ինչի համար հայտնում եմ իմ երախտագիտությունը»: Այս մասին նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանն՝ այսօր «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի և «Հայագրոֆորում» համաժողովի բացման ժամանակ, տեղեկացնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կառավարության ղեկավարը նշել է, որ այսօր գյուղատնտեսության համախառն արտադրանքի ավելի քան 97 տոկոսն ապահովվում են ընտանեկան գյուղացիական տնտեսությունները։
«2011 թ. ՀՀ Նախագահի կողմից գյուղատնտեսությունը հայտարարվեց գերակա ոլորտ, ինչն իր արտացոլումը գտավ նաև 2014 թ. ընդունված ՀՀ կառավարության ծրագրում, որում առաջադրվեցին գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականության իրականացման նոր մոտեցումներ և պահանջներ: Այսօր գյուղատնտեսությունը հանդիսանում է մեր հանրապետության տնտեսության առաջատար ճյուղերից մեկը: 2015 թ. առաջին ութ ամսվա արդյունքներով ՀՀ տնտեսության մեջ այն արձանագրել է աճի ամենաբարձր տեմպերը», - ընդգծել է վարչապետը:
Վարչապետը տեղեկացրել է, որ երեկ ՀՀ կառավարությունը 7 մլրդ ՀՀ դրամ է հատկացրել Կենտրոնական բանկին՝ գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորելու նպատակով: 14 տոկոսանոց վարկը հողօգտագործողներին է հասնելու 8 տոկոսով, 6 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը:
«Ընթացիկ տարում հայ գյուղացու անխոնջ աշխատանքի, բարենպաստ բնակլիմայական պայմանների և պետական ծրագրերի իրականացման արդյունքում գրանցված գյուղատնտեսության համախառն արտադրանքի զգալի աճի պայմաններում իր յուրահատուկ դրսևորումն ունեցավ նաև գյուղատնտեսական մթերքների, մասնավորապես` խաղողի մթերման խնդիրը, որի լուծման նպատակով իրականացված նախապատրաստական աշխատանքների հետ մեկտեղ պահանջվեց պետություն-մասնավոր հատված համագործակցության նոր մոտեցումների կիրառում և ամենօրյա հետևողական աշխատանք», - եզրափակել է կառավարության ղեկավարը:
Գյուղատնտեսության բնագավառում ներդրած ավանդի և գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել «Արարատի գինու գործարան» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Սարգսյանին, Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար Ռուբեն Կարապետյանին, «Եվրոթերմ» ՓԲԸ հիմնադիր Էդիկ Ղազարյանին, ՀՀ վարչապետի շնորհակալագրով խրախուսել՝ Արարատի մարզի Դվին գյուղի ֆերմեր Գևորգ Նազարյանին, «Եղեգնաձորի պահածոների գործարան» ՍՊԸ տնօրեն Սարգիս Պողոսյանին, «Պրոգրես Ագրո» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Սամվել Կարապետյանին, Արմավիրի մարզի Լենուղի գյուղի ֆերմեր Սարգիս Հովսեփյանին և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն Աղվան Սահակյանին:
Հոկտեմբերի 16-18-ն անցկացվող «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 80 ընկերություն Հայաստանից և Արցախից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում