ԵԽԽՎ նախագահը Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ Ալիևին իր խիստ մտահոգություններն է հայտնել
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորը նամակ է ուղղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հայտնելով իր խորին մտահոգությունները ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վիճակի վատթարացման հետ կապված։
Ադրբեջանին հիշեցնելով Եվրոպայի խորհրդի առաջ ստանձնած պարտավորությունները՝ ԵԽԽՎ նախագահը մասնավորապես առանձնացրել է 4 մտահոգիչ զարգացումներ։
1․Վերջին շրջանում դատարանի կողմից մի շարք որոշումները, որոնք իրավապաշտպաններին և լրագրողներին դատապարտում են ապշեցուցիչ երկար ժամկետով ազատազրկման։ «Այս դատական որոշումներն ունենում են բացասական ազդեցություն Ադրբեջանում ազատ արտահայտման և բազմակարծության վրա, խախտում Եվրոպայի խորհրդի առաջ երկրի ստանձնած պարտավորությունները»,-գրել է Անն Բրասյորը։
2․ Կալանքի տակ գտնվող իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ ոտնձգության, նվաստացումների, անգամ ֆիզիկական հարձակումների դեպքերը։ Վկայակոչելով Իլգար Մամմադովին և Ինթիգամ Ալիևին, ինչպես նաև Լեյլա և Արիֆ Յունուսներին՝ Անն Բրասյորը կոչ է արել Ադրբեջանի նախագահին միջամտել՝ վերջ տալու բանտարկյալների ահաբեկումները։
3․Ադրբեջանի ձախողումները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Իլգար Մամմադովի վերաբերյալ վճռի իրականացման հարցում, որը պահանջում էր Մամմադովի ազատ արձակում։ Անն Բրասյորը կոչ է անում Ալիևին՝ «իշխանությունների հետ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ այս բացթողումը վերացնելու համար»։
4․Ադրբեջանի ձախողումը՝ կատարել ԵԽԽՎ-ի և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի մի շարք առաջարկությունները՝ կապված ժողովրդավարական ընտրությունների կազմակերպման հետ։ Բրասյորը կրկին կոչ է անում քայլեր ձեռնարկել այդ առաջարկությունների կատարման համար, որոնք կապահովեն, որպեսզի 2015թ․-ի նոյեմբերի 1-ի ընտրություններն անցնեն «ԵԽ չափանիշներին համապատասխան»։