Հայ մամուլի օրն է
Հայաստանում այսօր նշում են Հայ մամուլի օրը: Այս օրը նշանավորվել է Մադրասում հայկական առաջին «Ազդարար» տպագիր պարբերականի հրատարակությամբ:
ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը նշվում էր որպես «Մամուլի աշխատակցի օր», սակայն հետագայում այն վերանվանվեց և դարձավ Հայմամուլի օր:
1794 թվականի այս օրն է հրատարակվել հայկական առաջին «Ազդարար» տպագիր պարբերականը:
«Ազդարարը» հիմնադրվել է Մադրասում 1794 թվականի հոկտեմբերի 16-ին։ «Ազդարար» ամսագրի հիմնադիրն էր շիրազցի Հարություն քահանա Շմավոնյանը։ Այն գործել է մինչև1796 թվականի մարտ ամիսը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար (տետրակ) յուրաքանչյուրը՝ մոտ 50 էջ, 965 էջ ընդհանուր ծավալով։ Դադարել է գործել նյութական դժվարությունների պատճառով։ Տպագրել է գրաբարով, մասամբ՝ հնդկահայ և Նոր Ջուղայի բարբառներով։
«Ազդարարը» գիտաճանաչողական, պատմագիտական, գրական, հասարակական հանդես էր և արտացոլել է հնդկահայ կյանքը, անդրադարձել հայ ժողովրդի լուսավորության, ազգային ինքնագիտակցության, ազատագրության խնդիրներին։ Տպագրել է նաև բարոյախրատական բովանդակությամբ բանաստեղծություններ, առակներ, զրույցներ, պատմվածքներ, դաստիարակչական հոդվածներ, իրազեկել Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ամսագիրը գաղութահայերին հորդորել է վերադառնալ հայրենիք։
«Ազդարարի առանձին համարներ տպագրվել են պատկերազարդ, կարմրագույն տառերով։ Շմավոնյանը թղթակցություններ էր ստանում Մադրասից, Կալկաթայից, Բասրայից, Չինաստանից, Ֆիլիպիններից, նաև նյութեր էր տպագրում Երևանից և Շուշիից։ Ազդարարի հրապարակախոսներից աչքի էր ընկնում Սեթ Մամյանը։ «Ազդարարի» գրական բաժնում տպագրվել է Հակոբ Սիմեոնյան Այուբյանցի Հեյդար խանի պատմությունը, Շմավոնյանը թարգմանել է նաև ամերիկացի մանկագիր Թովմաս Դեյի Փոքրիկ Ջեկի պատմությունը, Ադիսոնի Միրզայի տեսիլքը, Ստիլլի Սանտոն Բարսիսայի պատմությունը։ Տպագրել է նաև Խաչատուր Կեսարացու «Պատմութիւն պարսիցը»։