«Մեր այսօրվա հետ կապ ունի». Օտյանի կատակերգությունը` Պարոնյանի բեմում
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը գալիք թատերաշրջանում հանդիսատեսի դատին է հանձնելու Երվանդ Օտյանի «Չարշըլը Արթին աղա» կատակերգությունը:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ներկայացումը հաջորդ տարվա ընթացքում պատրաստ կլինի. «Աշխատատար բեմադրություն է, գումար պահանջող՝ բալետ, խոռ, 50-ից ավելի զգեստ է կարվելու: Մարտին Վարդազարյանը հատուկ երաժշտություն է գրում»:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են ընտրել Ե. Օտյանի հենց այդ ստեղծագործությունը, Ե. Ղազանչյանն ասաց. «Զարմանալիորեն մեր այսօրվա հետ կապ ունի՝ ամուսինը խոսում է հայերեն, կինը՝ ֆրանսերեն, աղջիկը՝ իտալերեն, տղան՝ իսպաներեն, հարևանը մեկ այլ լեզվով: Իսկական հայկական ընտանիք: Դժբախտաբար, հայոց լեզուն այսօր անցում է երկրորդ, երրորդ, չորրորդ պլան: Ասում են սիրում են մեր հայրենիքը: Հայրենիքը լեզուն է, եթե լեզուն չես սիրում, չես պահում, չգիտես, ի՞նչ հայրենիք»:
Նշենք, որ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում սեպտեմբերի 11-ին կայացել էր Արտեմի Այվազյանի և Գարեգին Երիցյանի «Ուշ լինի, նուշ լինի» 2 գործողությամբ օպերետի պրեմիերան: Բեմադրությունը՝ Երվանդ Ղազանչյանի:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա