1900+ նախագիծ. Չեխական դաշնամուրային երաժշտություն՝ Հայկ Մելիքյանի կատարմամբ
Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալու է ժամանակակից համաշխարհային երաժշտությանը նվիրված 1900+ նախագծի հոբելյանական` տասերորդ համերգը, որն այս անգամ հայ ունկնդրին կներկայացնի չեխական դաշնամուրային երաժշտություն: Համերգը կազմակերպվում է Հայաստանում Չեխիայի հանրապետության դեսպանության բարձր հովանու ներքո: Համերգի մենակատարն է ճանաչված դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, 1900+ նախագծի գեղարվեստական ղեկավար Հայկ Մելիքյանը, ով համերգի ընթացքում կհնչեցնի Չեխիայի 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության ականավոր կոմպոզիտորների` Լեոշ Յանաչեկի, Բոհուսլավ Մարտինուի, Ալոյս Հաբայի, Միլոսլավ Կաբելաչի, Մարեկ Կոպելենտի, Էրվին Շուլհոֆի, ինչպես նաև տեղի կունենան Պետր Բակլայի և Յան Միկիսկայի ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաները: Այս մասին հայտնում են avproduction.am-ից:
Համերգի մուտքն ազատ է:
Հիշեցնենք, որ 1900+ նախագիծը մեկնարկել է 2009թ. հոկտեմբերին և մինչ այժմ հանրությանը ներկայացրել է ֆրանսիական, ռուսական, շվեյցարական, լեհական, ճապոնական, գերմանական, բալթյան երկրների, իտալական և ամերիկյան դաշնամուրային երաժշտության համերգներ: 1900+ նախագիծը ներկայացնում են Հայաստանում գտնվող տարբեր երկրների դեսպանությունները և դիվանագիտական ներկայացուցչությունները, ՀՀ Մշակույթի նախարարությունը: Բազմաթիվ կոմպոզիտորներ ստեղծագործություններ են գրել հատուկ 1900+ նախագծի համար, որոնց հայաստանյան պրեմիերաները կայացել են նախագծի համերգաշարի ընթացքում:
Հ. Մելիքյանի միջազգային բեմելը տեղի է ունեցել 2000թ. Հռոմում` «Concerto di Concerti» 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում: 2000թ. Հռոմում կայացած «Premio Valentino Bucchi» 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության միջազգային դաշնամուրային մրցույթի ժամանակ արժանացել է 2-րդ մրցանակին: Հետագայում դարձել է այլ բազմաթիվ մրցույթների դափնեկիր, այդ թվում` «Yvar Mikhashoff Trust for New Music» (Բուֆֆալո, ԱՄՆ, 2012թ.), Օրլեանի միջազգային դաշնամուրային մրցույթի Սամսոն Ֆրանսուայի և Անդրե Բուկուրեշլիևի անվան մրցանակներ (Ֆրանսիա, 2008թ., 2012թ.), Ղազարոս Սարյանի անվան կոմպոզիտորների մրցույթի 1-ին կարգի մրցանակ (Երևան, 2008թ.), «Ibla Grand Prize» դաշնամուրային մրցույթի հատուկ մրցանակ (Ռագուսա, Իտալիա, 1999թ.) և այլն: Հայ և օտարազգի շատ կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողն է, որոնցից շատերը հատուկ գրվել են նրա համար: Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային և Հարավային ամերիկաների բազում երկրներում: 2013թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա