Մխիթարյան. «Ամեն ինչ կանենք, որպեսզի հայ երկրպագուները վերադառնան մարզադաշտ»
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մայնցի» հետ հանդիպումից հետո, որում գոլի հեղինակ է դարձել, հարցազրույց է տվել «Սպորտ Էքսպրեսին»:
«Խաղադաշտում բոլոր ուժերս եմ ներդնում: Եվ ստացվում է այնպես, որ տղաներն օգնում են ինձ գոլ խփել, իսկ ես՝ նրանց: Վերջնարդյունքում օգնում ենք միմյանց, որպեսզի հաղթենք,- նշել է Մխիթարյանը:- Հիմա իմ խաղում ամեն ինչ է ստացվում: Շնորհակալ եմ Տուխելին ու թիմակիցներիս, քանզի օգնում են՝ ցուցադրելու լավագույն որակներս: Կարծում եմ՝ իր դերն է կատարում նաև այն փաստը, որ մրցաշրջանի հենց սկզբից սկսեցի գոլեր խփել:
Արդյոք տխրե՞լ եմ, որ Հայաստանի հավաքականը հանդես չի գա «Եվրո-2016»-ում: Այո, աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունում խաղալը մեր երազանքն է: Բայց ի՞նչ կարող ես անել… Ասել, որ շատ եմ տխրել, չեմ կարող, որովհետև ընդամենը երկու միավոր վաստակեցինք: Իսկ ահա երկու կամ չորս տարի առաջ, երբ հնարավորություն ունեինք՝ դուրս գալու եզրափակիչ փուլ, ափսոսանքի զգացումը շատ էր ուժեղ: Տա Աստված՝ լավ նախապատրաստվենք հետագա կարևոր խաղերին: Կարծում եմ՝ հաջողության հասնելու համար մի քիչ էլ բախտ է պետք: Շատ ուրախ կլինեմ, եթե հաջողության հասնեմ հավաքականում: Երևանում քիչ ֆուտբոլասերներ էին ներկա ազգային թիմի հանդիպմանը, քանզի կորցրել էինք հաջորդ փուլ անցնելու բոլոր հնարավորությունները: Գրեթե բոլոր խաղերը տանուլ ենք տվել, և մարդիկ հիասթափված են: Բայց ես ուզում եմ ասել նրանց. ամեն ինչ կանենք, որպեսզի դուք վերադառնաք մարզադաշտ»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան