Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում «Ոչ»-ի ճակատը հաջողության հասնելու ռեսուրսներ չունի. Քաղտեխնոլոգ
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ «Ոչ»-ի ճակատում գտնվող քաղաքական ուժերը ռեսուրսներ չունեն հաջողության հասնելու համար: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացնելով հանրաքվեին ընդառաջ քաղաքական դաշտում տիրող վիճակը, ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:
«Հայաստանի քաղաքական դաշտում բավականին քչացել են ուժերը. կա Հանրապետական կուսակցություն, որը կողմ է Սահմանադրությանը և նրան դաշնակից են ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն: Դեմ է Հայ Ազգային կոնգրեսը և «Ժառանգության» որոշ գործիչներ: Այլ ռեալ քաղաքական ուժեր Հայաստանի քաղաքական դաշտում գոյություն չունեն` անկախ նրանից նրանք ՀՀ արդարադատության նանխարարությունում գրանցված են, թե չէ», -նկատեց Բադալյանը:
ՀԱԿ-ը և Հայաստանի ժողովրդական կուսակցությունը ձևավորել են միասնական շտաբ, որի ղեկավարն է ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը, և Արմեն Բադալյանի խոսքով, դա միայն ՀԱԿ-ի շտաբն է լինելու, քանի որ «ՀԺԿ-ն, որպես այդպիսին, գոյություն չունի:
Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության հետ միասին Հիմնադիր խորհրդարանի ձևավորած «Նոր Հայաստան» փրկության միասնական ճակատին, ապա ըստ փորձագետի, այստեղ ընդգրկված են այնպիսի ուժեր, որոնք «նախկինում իրենց գործողություններում մշտապես ձախողվել են ու ոչ մի առավելություն և հնարավորություն չունեն»:
«Եթե հիշում եք, այդ ուժը իրենց խոսքերով` 100-ամյակը առանց ռեժիմի էր հայտարարում, բայց 100-ամյակն եկավ, անցավ, ոչինչ էլ չկարողացան անել», -հավելեց մեր զրուցակիցը:
Նրա համար մեկ բան ակնհայտ է` հասարակությունը հետաքրքրություն չունի Սահմանադրական բարեփոխումների նկատմամբ, և նրան ավելի շատ հետաքրքրում են իր առօրյա սոցիալական խնդիրները, արտագաղթն է մեծ խնդիրը: «Հասարակության մոտ նկատվում է քաղաքական անտարբերություն պետության ու դրա ինստիտուտների նկատմամբ: Արտագաղթի ցանկություն կա: Եվ սրանք պատճառներ են, որոնք դժվարացնում են Սահամանդրության փոփոխություններին դեմ և կողմ ուժերին ինչ-որ գործողություններում հաջողության հասնել», -նշեց Բադալյանը:
Անդրադառնալով իշխանափոխության վերաբերյալ «Ոչ»-ի ճակատում հնչած հայտարարություններին, Բադալյանն ասաց, որ ինքը դեռ չի հանդիպել այնպիսի մի քաղաքական ուժի, որը պայքարից առաջ նման բովանդակությամբ ելույթներով հանդես չգա:
«Յուրաքանչյուր ուժ գործողությունն սկսելուց առաջ հայտարարում է, թե վճռական է տրամադրված, որ այս անգամ վերջնական հարված է, լինելու, տապալվելու է ռեժիմը: Այսինքն` սա քաղաքական տերմինաբանություն է, որը օգտագործվում է Հայաստանում: Նրանք ռեսուրսներ չունեն և հնարավոր չէ մոբիլիզացնել հասարակությանն ընդդեմ փոփոխությունների: Հասկանալի է, որ ինչ-որ չափով կկարողանան ինչ-որ մի մասի մոբիլիզացնել, բայց հասարակության միայն մեկ տոկոսի մոտ կարող է հետաքրքրություն լինել Սահամանդրական բարեփոխումների նկատմամբ», -հավելեց փորձագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները