«ՀՀ-ն իր կանխարգելիչ գործողություններով ցույց է տալիս միջնորդներին, որ Ադրբեջանն այլևս չի կարող խաղաղություն վաճառել»
Հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմական ամենալարված, ամենաբացասական փուլն է հրադադարի պայմանագրի ստորագրումից հետո: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա նշեց, որ հայկական կողմից հասցվող կանխարգելիչ հարվածներն արդյունավետ են. «Այս պահի դրությամբ Ադրբեջանի ակտիվությունը համեմատաբար կասեցված է մեկ ամիս առաջվա համեմատ: Պարզ է, որ Ադրբեջանն էլ ստիպված է լինելու ի վերջո հաշվի նստել տարածաշրջանային զարգացումների հետ, չի կարող իրեն դուրս համարել բոլոր այդ զարգացումներից և զբաղվել սեփական քաղաքական օրակարգը ձևավորելով, այդ թվում նաև Հայաստանի և Արցախի անվտանգության հաշվի նման քաղաքական օրակարգ ձևավորելու իր քաղաքականությամբ»:
Պատասխանելով հարցին, թե այս համատեքստում հավանակա՞ն է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, Հ.Մելիք-Շահնազարյանն ասաց, որ հանդիպման հնարավորություն չի տեսնում:
«Նյու Յորքում հանդիպեցին արտաքին գործերի նախարարները, որն արդյունք չտվեց: Արդյունքը պետք է լիներ նախագահների նոր հանդիպման մասին հայտարարությունը: Եթե նախարարների մակարդակում այդ հարցը չի լուծվել, նշանակում է, որ խորհրդակցական մեծ աշխատանք դեռևս պետք է կատարվի, առնվազն նախարարների մեկ հանդիպում պետք է կազմակերպվի մինչ նախագահների հանդիպումը»,- նշեց քաղաքագետը:
Խոսելով բանակցային գործընթացի մասին և արդյո՞ք անհրաժեշտություն կա որևէ բան փոխել այդ գործընթացում, բանախոսն ասաց, որ բանակցային դիրքորոշում կխոխվի, Հայաստանն իր կանխարգելիչ գործողություններով ցույց է տալիս միջնորդներին, որ Ադրբեջանն այլևս չի կարող խաղաղություն վաճառել, հայկական կողմն ի վիճակի է այդ խաղաղությունն ապահովել իր պոտենցիալով, խաղաղություն տարածքների փոխարեն ադրբեջանական բանաձևը երբևէ կյանքի չի կոչվել:
«Բանակցային դիրքորոշում փոփոխելը նշանակում է ընդհանրապես բանակցային տրամաբանության փոփոխություն, իսկ թե ինչ կառաջարկվի, կերևա առաջիկայում: Ամեն դեպքում այն պահից սկսած, երբ որ պարզ դարձավ, որ Ադրբեջանը սպառնալիք չէ կամ չի կարող ռազմական ուժով լուծել Արցախը գրավելու խնդիրը, Հայաստանի դիրքերը որպես Արցախի ճանաչման կամ Արցախին միջազգային կարգավիճակ տալու տեսակետից, ավելի ուժեղ է: Դա ինչ-որ չափով արտահայտվեց նաև նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություն մեջ, որ Արցախը Հայաստանի անբաժան մասն է»,- ասաց քաղաքագետ Հ. Մելիք-Շահնազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան