Թուրքական ՀԿ-ներ. ՄԻԵԴ Փերինչեքի վճռից հետո շարունակելու ենք «Թուրքիայում ճանապարհ հարթել արդարության վերականգնման համար»
«Մարդու իրավունքների միավորումը եւ Հիշողության կենտրոնը, անկախ ՄԻԵԴ Մեծ պալատի վճռից, շարունակելու են իրենց ջանքերը ներդնել պատմական փաստերի ներկայացման համար եւ անցյալի հերքման փորձերի դեմ, ինչը ճանապարհ է հարթելու Թուրքիայում արդարության վերականգնման համար, ինչպես նաեւ մարդու իրավունքների միջազգային իրավունքի շրջանակներում շարունակելու ենք մեր պայքարը ցեղասպանության հերքման դեմ, ինչը շարունակում է վտանգել հայ համայնքի կյանքը Թուրքիայում եւ թշնամանք է սեմանում նրանց դեմ»: Այսպիսի համատեղ հայտարարություն են տարածել Թուրքական երկու առաջատար իրավապաշտպան ՀԿ-ներ՝ «Մարդու իրավունքների միավորումը» եւ «Հիշողության կենտրոնը», որոնք, Կանադայում գործող Մարդու իրավունքների եւ ցեղասպանության ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի հետ համատեղ, իբրեւ երրորդ կողմ ներգրավված են եղել ՄԻԵԴ Մեծ պալատի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում եւ Դատարանին էին ներկայացրել խնդրի առնչությամբ իրենց դիրքորոշումը:
Երեք կազմակերպությունների համատեղ հայտարարությունը, որը ամբողջությամբ հասանելի է անգլերեն լեզվով, ասում է, որ ՄԻԵԴ Մեծ պալատի վճիռը չի կարող դիտարկվել իբրեւ «ապացույց», որ Հայոց ցեղասպանության հերքումը գտնվում է Եվրոպական Կոնվենցիայի 10-րդ հոդվածի (խոսքի ազատության իրավունք) պաշտպանության տակ, իսկ այդպիսի պնդումները դատավճռի «բացահայտ եւ միտումնավոր» աղավաղումներ են: