ՍԱՊԾ պետ. Այսօր Իրանից մեկ օրական ճտեր կարող են բերել ոչ բոլորը
Այսօր Իրանից մեկ օրական ճտեր կարող են բերել ոչ բոլորը: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ԳՆ Սննդամթերքի անվտագության ծառայության պետ Արմեն Հայրապետյանը:
«Նախկինում շատ տնտեսվարողներ Իրանից բերում էին մեկ օրական ճտեր, պահում էին տնային պայմաններում: Թե ո՞նց էին կերակրվում, ստանո՞ւմ էին անհրաժեշտ պատվաստումներ, թե՞ ոչ, այս ամենը չէր վերահսկվում: Մորթվում էին բակային պայմաններում, հայտնվում էին իրացման ցանցում»,-նախկինում եղած իրավիճակն այսպես ներկայացրեց ծառայության պետը:
Հայրապետյանի խոսքով, կարանտին միջոցառումների բացակայության ու անհասկանալի պայմաններում, անհասկանալի կեր ուտող ճտերի միսը ուտելու դեպքում վտանգը մեծ էր: Հնարավոր վտանգները կանխարգելելու և դաշտը կանոնակարգելու նպատակով իրականացվել են տեսչական ստուգումներ:
Այսօր հարևան երկրից մեկ օրական ճտեր թույլատրվում է ներկրել այն կազմակերպություններին, որոնք կարողանում են ծառայությանը հիմնավորված ապացուցել, որ ներկրվող խմբաքանակի համար ունեն պահելու պայմաններ:
«Այսինքն, եթե տնտեսությունը հնարավորություն ու բավարար պայմաններ ունի 30 հազար ճուտ ընդունելու, իր մոտ 20 օր պահելու, պատշաճ կերակրելու, ապա նաև սպանդը կազմակերպելու համար, մենք թույլ ենք տալիս ներկրել հենց այդքան՝ 30 հազար ճուտ, ունի 120 հազարի ներկրելու, պահելու, կերակրելու հնարավորություն, թույլ ենք տալիս 120 հազար հատ բերել: Հիմա ողջ գործընթացը վերահսկվում է»,-մանրամասնեց Ա. Հայրապետյանը:
Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն 7-8 ամիս իրականացվող կանոնակարգման հետևանքով Իրանից Հայաստան բերվող ճտերի քանակը չի նվազել:
«Մինչև 20 օրական դառնալը թռչունը պետք է երեք անգամ պատվաստվի: Դա չէր արվում, հիգիենիկ պայմաններում ոչ պահվում էին, ոչ էլ մորթվում: Կանոնակարգումը կարող եմ ասել չի ազդել ներկրման ծավալների վրա: Անցած տարի 10 մլն 500 հազար թռչուն է ներկրվել, այս տարի հոկտեմբերի 15-ի դրությամբ՝ մոտ 8 մլն»,-ասաց տեսչության պետը: