ՄԻԵԴ նախագահ Շպիլման. «Հայերի կոտորածները և տեղահանությունները ցեղասպանություն էին, և դա ակնհայտ է»
«Այն, որ հայերի կոտորածները եւ տեղահանությունը ցեղասպանություն է եղել, կասկածից վեր է: Հայերի ցեղասպանությունը հստակ եւ հաստատված պատմական փաստ է: Սա հերքելը կնշանակի հերքել ակնհայտը: Բայց սա չէ այս գործի հիմնական հարցը», - այսպիսի համատեղ կարծիք են ներկայացրել հոկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի կողմից «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վերջնական վճռի վերաբերյալ ՄԻԵԴ մի շարք դատավորներ, ներառյալ ՄԻԵԴ նախագահ Դին Շպիլմանը:
Դատավճռին «դեմ» քվեարկած յոթ դատավորները, որոնց թվում նաեւ ՄԻԵԴ նախագահ Դին Շպիլմանը, ներկայացրել են համատեղ հատուկ կարծիք, որտեղ գրում են. «Այս գործը պատմական ճշմարտության կամ 1915-ի իրադարձությունների իրավական գնահատական տալու մասին չէ: Իրական խնդիրը այս գործում այն է, թե արդյոք պետությունները… կարող են քրեորեն հետապնդելի արարք դարձնել ցեղասպանություն վերապրած առանձին ժողովրդի հիշողությունը վիրավորելը: Մեր կարծիքով, սա իրոք հնարավոր է»:
«Մեր անհամաձայնությունը վճռի հետ վերաբերում է մեծամասնության կողմից դիմումատուի (Դողու Փերինչեքի – Panorama.am) հայտարարություններին տրված մեկնաբանություններին: Այդ չարաբաստիկ հայտարարությունների եւ դրանց հետեւանքների նշանակությունը այս դատավճռի շրջանակներում շարունակաբար նվազեցվում էր», - պնդել են ՄԻԵԴ դատավորները իրենց համապարփակ զեկույցում:
Հիշեցնենք, որ 2005 թվականի մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայի Լոզան, Օպֆիկոն և Կոնիզ քաղաքներում կազմակերպված միջոցառումների ընթացքում Դողու Փերինչեքը հրապարակայնորեն հերքել էր 1915թ. և հետագա տարիներին հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության փաստը: Նա, մասնավորապես, հայկական ցեղասպանությունը որակել է որպես «միջազգային կեղծիք»:
«Փերինչեքի հայտարարությունների տոնայնությունը ցույց է տալիս, որ նրա մեղադրանքները ավելի շատ ուղղված էին Անգլիայի, Ֆրանցիայի և Ցարական Ռուսաստանի, ինչպես նաև Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության «իմպերիալիստների» դեմ: Մյուս կողմից, չպետք է անուշադրության մատնել այն փաստը, որ իր հայտարարություններից մեկում դիմումատուն այդ իրադարձությունների մեջ ներգրավված հայերին անվանել է «իմպերիալիստական երկրների» «գործիքներ» և նրանց մեղադրել է թուրքերի և այլ մուսուլմանների զանգվածային սպանությունների մեջ: Այս դեպքում Դատարանը համաձայն է, որ միջամտությունը միտված է եղել պաշտպանելու (Ցեղասպանության զոհերի) արժանապատվությունը և այդպիսով նաև նրանց ժառանգների արժանապատվությունը», - այսպիսի եզրակացության էին եկել ՄԻԵԴ Մեծ պալատի դատավորները հոկտեմբերի 15-ին հրապարակված դատավճռում:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ Մեծ պալատը վճռել էր, որ ցեղասպանության հերքման համար Շվեյցարիայում Դողու Փերինչեքի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը խախտել էր Կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված վերջինիս խոսքի ազատության իրավունքը, սակայն մերժել էր դիմումատուի պահանջը ոչ նյութական վնասի փոխհատուցման մասով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան