Երևանի որոշ փողոցներ լուսավորվելու են LED լամպերով
1,9 միլիոն եվրո համաֆինանսավորման դրամաշնորհ է տրամադրվում Հայաստանին՝ աջակցելու Երևանի քաղաքային լուսավորության արդիականացմանը: Այս մասին համաձայնագիրն այսօր կնքել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Հայաստանի ֆինանասների նախարար Գագիկ Խաչատրյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՎԶԵԲ երևանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դեյվիսն ասաց, որ դրամաշնորհը կլինի ի լրումն մոտ 4 միլիոն եվրո վարկային ծրագրի, որը տրամադրվելու է Հայաստանին: Վարկային ծրագիրը ստորագրվել է 2015 թվականի մայիսին ՎԶԵԲ-ի և ՀՀ-ի միջև՝ արդիականացնելու Երևանում լուսավորության համակարգը՝ ներմուծելով նոր էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ:
«Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրը փորձնական ծրագիր է, որը նախատեսված է Երևանի քաղաքային լուսավորության մոտ 10 տոկոսի համար, հիմնական նպատակն է էներգաարդյունավետության մոտեցումների ներդրումն ի նպաստ երևանցիների»,-ասաց Մ. Դեյվիսը:
Նա նշեց, որ սա առաջին ծրագիրն է E5P դրամաշնորհային ծրագրի շրջանակներում. «Այս ծրագրի ուշադրության հիմնական առարկան է էներգաարդյունավետությունը և շրջակա միջավայրը Հայաստանում: Ծրագրի հիմնական նպատակն է փոխարինել փողոցային մոտ 4350 լուսավորության կետեր՝ տեղադրելով մոտ 2000 էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լամպեր: Սա իր մեջ ներառում է նոր մալուխների անցկացնում, հենասյուների արդիականացում: Այս ծրագրի ներդրման արդյունքում էներգախնայողությունը կկազմի մոտ 64 տոկոս ներկայիս Երևանի փողոցային լուավորության վրա ծախսվող էներգիայի համեմատությամբ՝ այդ հատվածի համար»:
ՎԶԵԲ երևանյան գրասենյակի տնօրենի խոսքով, ՀՀ նոր էներգաարտադրության լավագույն եղանակը դա էներգախնայողության տեխնոլոգիաների ներդումն է: Ըստ նրա, սա մի հարց է, որի վրա Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մեծապես կենտրոնացած է:
«Այս ծրագրի արդյունքում տարեկան մոտ 2000 մեգավատ էներգախնայողության կարող ենք հասնել: Բացի լավ լուսավորությունից, էներգախնայողության և շրջակա միջավայրի բարելավման կհասնենք, ծրագրի իրականցման արդյունքում կնվազեցնենք սնդիկի արտանետումները: Գիտենք, որ ներկայումս Երևանի լուսավարության համակարգում սնդիկի արտանետումների բավականին բարձր մակարդակ կա»,- նշեց նա՝ հավելելով, որ սա փորձնական ծրագիր է, սկզբնական փուլում Երևանի հիմնականում կենտրոնական 28 փողոցներում կիրականացվի, հաջող ավարտից հետո կընդլայնվի՝ ներառելով Երևանի բոլոր փողոցները: Ծրագրի վերջնական արժեքը կազմում է 57 միլիոն դոլար:
«Շատ քաջալերված ենք այս ծրագրով, քանի որ այս ծրագրի տնտեսական վերադարձելիությունը շատ բարձր է: Շատ ավելի բարձր է, քան տոկոսադրույքները, շատ ավելի բարձր է, քան ցանկացած ներդրումային վերադարձելիությունը ցանկացած երկրում: Այս ծրագիրն ինքնին շատ արդյունավետ է»,- ասաց ՎԶԵԲ երևանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դեյվիսը:
Ասուլիսին ներկա ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն ասաց, որ վարկային պայմանագիրն ու դրամաշնորհային բաղադրիչի պայմանագիրը պետք է վավերացվեն Ազգային ժողովի կողմից:
«Հույս ունենք, մինչև տարեվերջ այդ վավերացումը կլինի: Բայց սա չի նշանակում, որ գործը սկսվելու է վավերացնելու հետո: Գործն արդեն լավ, ակտիվ սկսվել է, բավականին ծանր նախապատրաստական, նախագծային աշխատանքներ, գնումների գործընթացը, կատարվել են: Վավերացումից հետո արագ կիրականացվի»,- նշեց նա:
Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է բանկի ֆինանսավորմամբ ամբողջ Երևանում իրականացնել ծրագիրը, ՎԶԵԲ երևանյան գրասենյակի տնօրենն ասաց. «Իհարկե, հնարավոր է: Փորձնական ծրագրի հիմնական նպատակը հենց դա է՝ հասկանալ ազդեցությունը, հետագա ընդլայնման հնարավորությունները: Հույս ունեն փորձնական ծրագիրը հաջող կլինի, որից հետո լուրջ կմտածենք ամբողջ Երևանում, նաև Հայաստանի երկրորդական քաղաքներում ծրագրի իրականացման համար»:
Նշենք, որ այս տարվա մարտին ՎԶԵԲ-ի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության միջև ստորագրվել է Արևելյան Եվրոպայի էներգետիկ արդյունավետության և Շրջակա միջավայրի պահպանման գործընկերությանը (E5P) Հայաստանի մասնակցության վերաբերյալ համաձայնագիրը, ըստ որի ՀՀ կառավարությունը տրամադրել է E5P-ին 1 միլիոն եվրո, ինչը հնարավորություն կտա Հայաստանին օգտվել 20 միլիոն եվրո դրամաշնորհային միջոցներից՝ կատարելու առաջնահերթ ներդրումներ մունիցիպալ հատվածի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի պահպանման ոլորտներում: Նախաձեռնության հիմնական նպատակն է օգտագործել դրամաշնորհները՝ ներգրավելու վարկեր, որոնք կհատկացվեն քաղաքի էներգաարդյունավետության և բնապահպանական ծրագրերին:
E5P բազմադոնոր հիմնադրամ է, որը գործում է Արևելյան Եվրոպայի գործընկեր երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում: ԵՄ-ն հանդիսանում է E5P խոշորագույն ներդրող, և նրա կողմից տրամադրված դրամական միջոցները կազմում են 70 միլիոն եվրո: Հայաստանում E5P հիմնադրամի համար ԵՄ-ն խոստացել է տրամադրել 10 միլիոն եվրո, որը նաև կհամալրվի Չեխիայի, Դանիայի, Գերմանիայի, Լիտվայի, Լեհաստանի, Շվեդիայի, Լատվիայի և Նորվեգիայի կողմից տրամադրվող լրացուցիչ գումարներով: Հատկացվող գումարները կօգնեն Հայաստանին բարելավել էներգետիկ արդյունավետությունը՝ նպաստելով էներգետիկ անվտանգությանն ու տնտեսական մրցունակությանը, քաղաքական երկխոսությանը, միաժամանակ դրական ազդեցություն գործելով շրջակա միջավայրի վրա:
E5P-ի կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցները պետք է անպայման համակցվեն վարկային միջոցների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան