Ստամբուլում հայ դերասանուհու խաղը ջերմությամբ է ընդունվել
Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Մարիամ Ղազանչյանը Ստամբուլի Շիշլիի մշակութային կենտրոնի դահլիճում ներկայացրել է «Մարսել» մոնոներկայացումը (բեմադրությունը Հակոբ Ղազանչյանի): Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից:
«Մարսել» մոնոներկայացումը հրավիրվել է Ստամբուլի Բոյալի Կուշ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժալե Կարեբեկերի կողմից:
2 օր՝ հոկտեմբերի 15-ին և 16-ին, 680 տեղանոց հանդիսասրահը լեփ-լեցուն է եղել: Հանդիսականը ջերմությամբ է ընդունել երիտասարդ դերասանուհու խաղը: Բարձր գնահատականի է արժանացել Հ. Ղազանչյանի ռեժիսորական մտահղացումը:
«Մարսել» մոնոներկայացման երևանյան առաջնախաղը կայացել է 2011թ.-ին: Այն ցուցադրվել է ՊՀԹ-ի բեմում՝ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում: Մինչ օրս ներկայացումը մասնակցել է տարբեր միջազգային թատերական փառատոների:
«Մարսել» մոնոներկայացման հիմքում լեգենդար ֆրանսիացի երգչուհի Էդիտ Պիաֆի դառը ապրումներն են իր սիրեցյալ Մարսել Սերդանի ողբերգական մահից հետո: Հերոսուհին փորձում է կապ հաստատել հանդերձյալ աշխարհի հետ և ոգեհմայության միջոցով ետ կանչել Նրան: Նա աղոթում է և իրեն թվում է, թե խոսում է Մարսելի հետ: Նրա աղոթքը երգն է: Ներկայացման մեջ դերասանուհի Մարիամ Ղազանչյանը երգերը կատարում է դրամատիկ խաղի միջոցով (ներկայացման ընթացքում հնչում են 12 երգ Է. Պիաֆի երգացանկից): Ներկայացման մեջ հերուսուհու շուրթերից հնչում է միայն մեկ բառ` Մարսել…
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա