Եվգենի Պլյուշչենկո. Հայաստանը ժամանակին լավ մարզիկներ ուներ, ինչպես օրինակ իմ մենեջեր Արի Զաքարյանն էր
Օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի առաջնության եռակի, Եվրոպայի առաջնության բազմակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն մեծ ակնկալիքներ ունի Երևանում կայանալիք «Սառույցի թագավորներ» շոու-ծրագրից:
«Դեռևս 2008 թվականին Հայաստանում ունեցել եմ ցուցադրական 2 ելույթ, որոնք մեծ արձագանք գտան այստեղ: Հիմա նորից դադար եմ վերցրել մարզական մրցաշարերից և բաց կթողնեմ այս մրցաշրջանը: Փոխարենը համաշխարհային շրջագայության եմ մասնակցում, որն արդեն մեկնարկել է: Երևանում հաջորդ ամիս կայանալիք ներկայացման ժամանակ ձեզ կներկայանամ նոր շոու-ծրագրով: Կփորձենք զարմացնել հանդիսատեսին և հասկանալ նրանք արձագանքը: Ինձ հետ ամեն ինչ կարգին է: ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվում, որ Պլյուշչենկոն կրկին կվիրահատվի, բայց ես լավ եմ, ամեն ինչ կարգին է: Շարունակում եմ մարզվել»:
«Ես մեծ ցանկություն ունեմ մասնակցելու հաջորդ Օլիմպիական խաղերին, առաջին հերթին ինքս ինձ ապացուցելու համար, որ դա հնարավոր է անել (2018 թվականի Օլիմպիական խաղերի Պլյուշչենկոյի համար կլինեն 5-րդ խաղերը): Իհարկե, սարսափելի դժվար կլինի, բայց ինչո՞ւ ոչ: Հուսեյն Բոլտը, Մայքլ Ֆելպսը, Ելենա Իսինբաևան յուրօրինակ են, ես ևս կփորձեմ ինչ-որ չափով նրանց հասնել»:
«Ցավոք սրտի, Հայաստանում չկան գեղասահքի համար նախատեսված սահադաշտեր: Մենք ժամանակին փորձեցինք «Պլյուշենկո»-ի անվան մարզադպրոց բացել այստեղ, սակայն եթե տարվա մեջ միայն մեկ ամիս կարող ես սահել այդ սառույցի վրա, ապա երեխան չի կարող մարզվել: Հայաստանը ժամանակին լավ մարզիկներ ուներ, ինչպես օրինակ իմ մենեջեր Արի Զաքարյանն էր: Պարզապես ղեկավար այրերը պետք է աջակցություն ցուցաբերեն մարզաձևի զարգացմանը: Միայն ֆուտբոլ և շախմատ խաղալով պետք չէ սահմանափակվել»:
«Ես շատ ընկերներ ունեմ Երևանում: Նոյեմբերին կայանալիք շոու-ծրագրից հետո կշրջենք երկրով մեկ: Նախորդ անգամ այցի ժամանակ մենք եղել ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում: Դուք հրաշալի կառույցներ ունեք, ինչպիսին մարզահամերգային համալիրն է: Դեռևս 2008-ին, երբ եղա Հայաստանում, շոու ծրագրում համար ունեի «Իմ Հայաստան» երգի ուղեկցությամբ: Որն, ի դեպ, իմ սիրելի երգն է: Ես այն իմ «Այփադ»-ում (Ipad) ունեմ»:
«Սառույցի թագավորները» շոու-ծրագիրը կկայանա նոյեմբերի 20-ին մարզահամերգային համալիրում, բացի Պլյուշենկոյից ծրագրում հանդես կգան նաև էստրադային ջութակահար Էդգար Հակոբյանը,Տիգրան Պետրոսյանը, սառցե ակրոբատ Սերգեյ Յակիմենկոն և հայ գեղասահորդներ աշխարհի տարբեր երկրներից:
Նախորդիվ՝
Եվգենի Պլյուշենկոն ցանկանում է լինել առաջինը (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան