ՀԲ շարունակական օժանդակություն է ցուցաբերում ՀՀ տնտեսության կարևոր ոլորտների զարգացմանը. Մյուլլեր
Այս ընթացքում Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների խմբում առանձնացել է պորտֆելի՝ միջինից բարձր կատարողականով և այսուհետ ևս պահպանելու է այդ ցուցանիշը: Այս մասին նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանն՝ այսօր ընդունելով Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի նորանշանակ փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետն ընդգծել է, որ երկկողմ համագործակցությունն ընդգրկում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, և կառավարությունը պատրաստակամ է ընդլայնել այն՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային նոր ծրագրերի իրականացմամբ: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Սիրիլ Մյուլլերը նշել է, որ Համաշխարհային բանկը շարունակական օժանդակություն է ցուցաբերում մեր երկրի տնտեսության կարևոր ոլորտների զարգացմանը, և ապագայում պատրաստ է ավելացնել ֆինանսական աջակցության ծավալը:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՀԲ փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք արձանագրվել է, որ համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպն իր ազդեցությունն է թողնում ինչպես Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների, այնպես էլ Հայաստանի տնտեսության վրա:
Այս համատեքստում զրուցակիցները վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը՝ կիրառել նոր գործիքներ և ճկուն մոտեցումներ առկա մարտահրավերները հաղթահարելու և տնտեսության կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ: Այս առումով կառավարության ղեկավարը կարևորել է ենթակառուցվածքներում ՀԲ աջակցությամբ ներդրումների իրականացումը: Մասնավորապես, քննարկվել են էներգետիկ ոլորտում, ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև այլ ուղղություններով ծրագրերի իրականացման հեռանկարները: Անդրադարձ է եղել նաև Հարկային նոր օրենսգրքի մշակման աշխատանքների ընթացքին և առաջիկայում իրականացվելիք քայլերին: