Ճապոնացի նկարչուհու համար ոգեշնչման աղբյուր են Հովհաննես Այվազովսկու կտավները
«Էյբիք» հայ-ճապոնական կազմակերպության նախաձեռնությամբ հոկտեմբերի 22-ին և 23-ի Երևանի պատմության թանգարանում և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվեն «Ավանդույթից-արդիականություն» խորագրով հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ՝ նվիրված Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացման նշանակալի իրադարձությանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Էյբիք» կազմակերպության տնօրեն Վարդիթեր Հարությունյանը:
Հայ-ճապոնական «Էյբիք» կազմակերպությունը համագործակցելով Ճապոնիայի Գալերիա Գինձա Ի Չոմե ցուցասրահի հետ (տնօրեն՝ Մակի Միկիկո), մեկ տասնամյակ է ինչ Հայաստանում և Ճապոնիայում կազմակերպում է անհատական և խմբակային ցուցահանդեսներ: Ցուցահանդեսների նպատակն է հայ արվեստասերներին ծանոթացնել Ճապոնիայի ժամանակակից գեղագիտությանը, ինչպես նաև, ճապոնական հասարակությանը՝ հայ արվեստին: Ցուցահանդեսներին իրենց ստեղծագործություններով (գեղանկար, քանդակ, կիրառական արվեստի նմուշներ) կներկայանան 21 ճապոնացի և 10 հայ արվեստագետներ:
Ասուլիսին ներկա Ճապոնիայի Գալերիա Գինձա Ի Չոմե ցուցասրահի տնօրեն Մակի Միկիկոն ասաց, որ ցուցահանդեսում ներկայացնելու համար ընտրել են այնպիսի գործեր, որոնք կնպաստեն ճապոնական արվեստի հետ ծանոթանալուն:
«Ընտրում ենք գործեր, որոնց միջոցով հայ հանդիսատեսը կարող է ծանոթանալ ճապոնական արվեստին, ավանդույթներին, նաև ժամանակակից արվեստին: Երբեմն նոր գործեր են ստեղծում հենց Հայաստանի համար»,- ասաց նա:
Ճապոնացի նկարչուհի Միձուե Տակագին ասաց, որ չորս աշխատանքով է ներկայանալու ցուցահանդեսում: Գործերից մեկը կոչվում է «Շարժում». «Գործում ներկայացված է մոր արգանդում գտնվող երեխայի շարժը: Այն էներգիա է փոխանցում: Հայաստանի համար այս գործը կարևոր է, քանի որ նոր էներգիա է պետք Հայաստանի հետ համագործակցության համար: Հիմնականում իմ ստեղծագործությունների համար ընտրում եմ մարդուն՝ ներկայացնելով այն, ինչ աչքով տեսանելի չէ»:
Նրա խոսքով, ճապոնական արվեստը շատ է տարբերվում հայկականից:
«Հայաստանում արվեստագետներն իրենց ստեղծագործություններում հոգի են դնում, ամեն ինչ ձեռքով է արված»,- ասաց նա:
Ճապոնացի արվեստագետը նշեց, որ իրենց երկրում այնքան էլ շատ չեն ճանաչում հայ արվեստագետներին, նրանց գործերը: Միձուե Տակագիի համար ոգեշնչման աղբյուր են Հովհաննես Այվազովսկու նկարները:
Քանդակագործ, հայ-ճապոնական ցուցահանդեսների մասնակից Աշոտ Հարությունյանն ասաց, որ ճապոնացի արվեստագետները բավականին երկար են աշխատում մեկ ստեղծագործության վրա՝ փորձելով հասցնել այն կատարելության. «Օգտագործում են բազմատեսակ նյութեր՝ թուղթ, մետաղ, ավանդական և ոչ ավանդական նյութեր: Շատ հետաքրքիր են: Իրենց համար էլ մեր արվեստն է հետաքրքիր»:
Վ. Հարությունյանն ընդգծեց, որ մարտին նմանատիպ ցուցահանդես բացվել է Ճապոնիայում:
«Հարցազրույցներից մեկի ժամանակ ճապոնացի արվեստագետներն ասել էին, որ շատ բան են սովորում հայ արվեստագետներից, ոգեշնչում են նոր գործեր ստեղծելու համար»,- ասաց նա:
Նկարիչ, հայ-ճապոնական ցուցահանդեսների համադրող Արա Հայթայանն ասաց, որ հայ արվեստագետները մեկուսացած են, առհասարակ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում աշխարհում, քիչ են դուրս գալիս Հայաստանից:
«Մենք մեր հնարավորությունների սահմաններում փորձում ենք նոր որակ մտցնել արվեստի դաշտ»,- նշեց արվեստաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա