18 ամսում հնարավոր է վերագործարկել «Նաիրիտը». Հ. Թադևոսյան
Ներդրողի առկայության դեպքում 18 ամսում հնարավոր է վերագործարկել «Նաիրիտ» գործարանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը:
«Նախարարը հայտարարել էր, որ ներդրող է փնտրվում գործարանի համար: Ներդրողին հստակ ծրագիր ներկայացնելու համար գործարանի մասնագետների կողմից կազմվել է երեք-չորս ծրագիր: Կատարվում են հաշվարկներ, 70-80 միլիոն դոլարից չի անցնում: Այդ ծրագրերը պետք է ներկայացվեն Ազգային ժողով՝ գործարանի վերագործարկման հետ կապված ստեղծված հանձնաժողովին»,- ասաց նա՝ հավելելով, որ իրատեսական ծրագրեր են:
Վերագործարկումը, ըստ Հ. Թադևոսյանի, պետք է լինի փուլային: Ինչ վերաբերում է Համաշխարհային բանկի կողմից անցկացված աուդիտին և եզրակացությանը, որ գործարանի վերագործարկումը նպատակահարմար չէ, արտադրանքը մրցունակ չէ, արհմիության ղեկավարն ասաց, որ 1990-ական թվականներից ՀԲ-ն դեմ է եղել, որ Հայաստանն ունենա «Նաիրիտ»:
«Մենք այդ աուդիտի եզրակացությունը ռեալ չենք համարում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ գործարանի արտադրանքը մշտապես եղել է մրցունակ, որակի առումով չի զիջել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ճապոնիայում արտադրվող կաուչուկին:
Ասուլիսին ներկա գործարանի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն ասաց, որ «Նաիրիտի» բոլոր խնդիրները պայմանավորված են նրանով, որ գործարանի համար նախատեսված գումարները գործարանի վրա չեն ծախսվել:
Հ. Թադևոսյանի խոսքով, գործարանն հասել է այսօրվա վիճակին վատ մենեջմենթի պատճառով. ««Նաիրիտը» ուղղակի բարդ, դժվար օրգանիզմ է, էլիտար ձեռնարկություն է, պետք է նայել որպես Հայաստանի բրենդ, պետք է զգույշ վարվել, քանի որ իր ունեցվածքով, կառուցվածքով, աշխատողներով ունիկալ ձեռնարկություն է: Գործարանը վերագործարկելու համար առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքական կամք, որոշում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան