Արամ Առաջին. Սիրիական ճգնաժամի քաղաքական լուծման համար պետք է մշակել ճանապարհային քարտեզ
Սիրիական ճգնաժամի քաղաքական լուծումը հրամայական է, քանի որ նման ճգնաժամերը հիմնավոր և ամբողջական լուծում չեն կարող ստանալ միայն ռազմական միջամտության միջոցով: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստեֆան դե Միստուրայի հետ հանդիպման ժամանակ ասել է Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը: Այս մասին տեղեկանում ենք Կաթողիկոսարանի պաշտոնական կայքից:
Քաղաքական լուծումը, ըստ Վեհափառ Հայրապետի, ենթադրում է քաղաքական գործընթաց՝ խաղաղ լուծման հանձնառու բոլոր կողմերի մասնակցությամբ: Արամ Առաջինի խոսքով, նման գործընթացներին կողմերը պետք է մասնակցեն առանց նախապայմանի, որովհետև վերջին խոսքը պատկանում է ժողովրդին:
Արամ Առաջինն առաջարկել է դե Միստուրային, որ կողմերին նման հանձնառության մղող և քաղաքական գործընթացին հատուկ ուղղություն ցույց տվող «ճանապարհային քարտեզ» պատրաստեն՝ հատուկ ուղեգծով և ժամանակացույցով:
Ըստ Վեհափառ Հայրապետի, ծրագրի իրականացման համար նախ պետք է դադարեցնել արտաքին ռազմական օժանադակությունը, երկրորդ՝ ճանապարհային քարտեզում առկա սկզբունքները պետք է կիրառել և շրջաններում անվտանգություն հաստատել:
ՄԱԿ-ի պատվիրակն ամբողջությամբ համաձայն է եղել Վեհափառ Հայրապետի առաջարկներին, միաժամանակ իր մտահոգությունն է հայտնել արտաքին կողմերի հետապնդած նպատակների առումով: Նա նաև համաձայն է եղել Արամ Առաջինի հետ, որ Հալեպը պետք է դառնա առաջին հանգրվանը Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման առաջնորդող գործընթացում:
Վեհափառ Հայրապետը հիշեցրել է դե Միստուրային, որ հայ համայնքը Սիրիայի կարևոր քրիստոնյա համայնքներից մեկն է, անհրաժեշտ տեղեկատվություն է փոխանցվել հայ համայնքի և հատկապես Հալեպում նրանց հանդիպող դժվարությունների մասին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան