ԵԱՏՄ կանոնակարգերով խստացվում են սննդամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջները. Լուսինե Դավթյան
Հաջորդ տարվա հունվարի 2-ից արտադրողների ու ներկրողների համար կգործեն միայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը: Եթե ներազգային օրենքները հակասություններ ունենան այդ կանոնակարգերի հետ, կգործեն ԵԱՏՄ կանոնակարգերը:
«Կանոնակարգերը արտադրական պրոցեսներին, ապրանքին ներկայացվող պարտադիր պահանջներն են, դրանցով սահմանվում են ընթացակարգերը, գրանցման համար պարտադիր պայմանները, ցուցանիշներ, չափանիշները»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԳՆ Սննդամթերքի անվտանգության ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանը:
Օրինակ, եթե սննդամթերքի արտադրության դեպքում կանոնակարգը սահմանում է, թե ինչպիսի նվազագույն շենքային պայմաններ պետք է լինեն, արտադրությունը ի՞նչ պայմանների պետք է համապատասխանի, եթե սննդամթերքը միս, մսամթերքն է, ապա ավելանում են ևս մի քանի պահանջներ:
«Դիտարկենք կաթնամթերքը: Գործող կանոնակարգերով սահմանված պահանջները բավականին թույլ են և մեղմ, օրինակ, պիտակավորման պահանջների խստացում է լինելու: Եթե մինչ այժմ պետք է նշվեր, թե ինչքան ճարպ կա դրա մեջ, հիմա պարտադիր է լինելու թե ինչ յուղայնությամբ է այն»,-ասաց ՍԱՊԾ պետի տեղակալը, ավելացնելով, որ խստացվել են հիգիենային վերաբերող պահանջները:
Լ. Դավթյանն այն համոզման է, որ արտադրողների վրդովմունքը պայմանավորված է պիտակավորման փոփոխությամբ. «Իրենք պիտակ պետք է փոխեն, փաթեթավորում պիտի փոխեն, իսկ դա ռեբրենդինգ է նշանակում: Իսկ դա ցանկացած տնտեսվարողի համար ցնցում է»:
Նրա խոսքով, այս ամենին պատրաստվելու համար հայ արտադրողները մեկ տարի ժամանակ են ունեցել:
«ԵԱՏՄ կանոնակարգերի գործելու դեպքում հայ արտադրողն արտահանման համար լրացուցիչ ծախսեր չի կատարելու, նույն արտադրանքն է լինելու: Մակրոտնտեսական տեսանկյունից այն ձեռնտու է, իսկ միկրոյի դեպքում դիմադրության է հանդիպում»,-ասաց նա:
Կանոնակարգերի համաձայն, Հայաստանում արտադրված սննդի փաթեթավորման վրա պետք է տեղեկատվությունը նշվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների լեզուներով:
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամ երկրներ են Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը:
Թեմայի վերաբերյալ կարդացեք նաև՝
2016 թ. հունվարի 2-ից ազգային օրենսդրությունը մի շարք արտադրանքի վերաբերյալ չի կիրառվելու
Ստանդարտների ազգային ֆոնդում կա շուրջ 30 հազար ստանդարտացման փաստաթուղթ. Ենոք Ազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան