Մալարիայի նոր հարուցիչը Ասիայից կարող է թափանցել Աֆրիկա
Ամերիկացի գիտնականներն ահազանգում են. հավանականություն կա, որ Աֆրիկա կարող է թափանցել մալարիայի հարուցչի նոր տեսակ, որը տարածվում է հարավ-արևելյան Ասիայի երկրներում: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Լաբորատոր փորձաքննությունները ցույց են տվել, որ այդ պարազիտը, որը կայուն է մալարիայի դեմ ամենաարդյունավետ դեղամիջոցի՝ արտեմիզինի նկատմամբ, կարող է վարակել մոծակների տարբեր տեսակներ, այդ թվում և Աֆրիկայում ամենատարածված մալարիայի մոծակին:
ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտը, որտեղ անցկացվել են հետազոտությունները, նախազգուշացնում է, որ այդ հարուցչի հայտնվելը Աֆրիկայում կարող է բերել աղետալի հետևանքների:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականներով, մալարիայից մահացության քանակը վերջին 15 տարում նվազել է 60 տոկոսով, սակայն արտեմիզինի կորուստը՝ որպես մալարիայի դեմ պայքարի միջոցի, կարող է վտանգի տակ դնել միլիոնավոր կյանքեր: