Ինչու՞ է Բաշար ալ-Ասադն այցելել Մոսկվա. պարզաբանում է փորձագետը
«Բաշար ալ-Ասադի այցը Մոսկվա լուրջ քաղաքական քայլ էր: Այն տեղավորվում է սիրիական հակամարտությանը Կրեմլի միջամտության ծրագրի քաղաքական բաղադրիչում և միտված է Սիրիայի նախագահի՝ որպես ներսիրիական քաղաքական առանցքային դերակատարի թե՛ ներքին, թե՛ արտաքին դիրքերի ամրապնդմանը»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով հոկտեմբերի 20-ին ալ-Ասադի Մոսկվա կատարած անակնկալ այցի նպատակները, նման տեսակետ հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Ըստ փորձագետի՝ «Բանն այն է, որ սիրիական հակամարտությանն անմիջական ռազմական միջամտություն իրականացնելու գործընթացին զուգահեռ՝ Ռուսաստանը ձգտում է ակտիվացնել նաև սիրիական հակամարտության քաղաքական բաղադրիչը: Այս համատեքստում, կարևոր է այն իրողությունը, որ վերոնշյալ երկու գործընթացներն էլ Մոսկվայի կողմից ապահովագրվում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից բխող պարտավորությունների իրականացմամբ»,- նշեց Պետրոսյանը, ապա հավելեց. «Վերոնշյալը բավականաչափ կարևոր է նաև քարոզչական դաշտում նախ Մոսկվայի գործողություններին անհրաժեշտ լեգիտիմություն ապահովելու համար, ապա նաև՝ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հակառակորդների հետ մրցակցության տեսանկյունից»:
Անդրադառնալով բուն այցելության հանգամանքին՝ մեր զրուցակիցը նկատեց. «Այս դեպքում, շատ ավելի կարևոր է երևույթի ձևական կողմը, քան բովանդակայինն: Այն իրողությունը, որ այցն անակնկալ էր, ինչպես նաև՝ այն իրականացվել է Ռուսաստանի իշխանությունների նախաձեռնությամբ, խոսում են հենց հնչեցրածս տեսակետի օգտին: Սիրիական հակամարտության ավելի քան 4 ու կես տարվա ընթացքում սա Սիրիայի նախագահի առաջին արտագնա այցելությունն էր, և դրա նպատակը Սիրիայի նախագահի՝ որպես սիրիական հակամարտության առանցքային դերակատարի, իսկ դիվանագիտական հարթակում նաև՝ Արաբական Հանրապետության օրինական առաջնորդի լեգիտիմության աստիճանի բարձրացումն է: Այստեղ է հենց «ինչու՞ այժմ» հարցի պատասխանը, քանի որ Մոսկվայի և Դամասկոսի միջև առանցքային կարևորության հարցերը մինչ այժմ էլ անխափան կերպով ճշգրտվում էին դիվանագիտական խողովակներով:
Նույն տրամաբանությամբ, չեն բացառվում նաև ալ-Ասադի այլ այցելություններ ևս սակավաթիվ դաշնակից մյուս երկրներ»:
«Իսկ բովանդակային առումով, գուցե հետագայում կողմերը շրջանառեն նոր մանրամասներ երկու նախագահների միջև տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ, բացի Սիրիայում ռուսական միջամտության հետ կապված մինչ այս հնչած պարզաբանումներից, որոնք, սակայն, իրենց ազդեցությամբ հազիվ թե նույնքան հնչեղ լինեն, որքան հենց Սիրիայի նախագահի անակնկալ այցի հանգամանքը»,-եզրափակեց Ա.Պետրոսյանը: