Աշխարհում հայտնի հայ երաժիշտների ելույթը՝ խաչատրյանական փառատոնի շրջանակներում
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այսօր Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կազմակերպված կամերային համերգի ընթացքում հանդես կգան մեծահամբավ երաժիշտներ ջութակահար Զոհրաբ Թադևոսյանը (Հայաստան/Իսպանիա) և դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանը (ԱՄՆ)։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախամբից հայտնում են, որ համերգի ընթացքում կհնչեն Ֆրանց Շուբերտի (Սոնատ ջութակի և դաշնամուրի համար լյա մաժոր, Ֆանտազիա ջութակի և դաշնամուրի համար դո մաժոր), Ռիխարդ Շտրաուսի (Սոնատ ջութակի և դաշնամուրի համար մի բեմոլ մաժոր) ստեղծագործությունները։
Ջութակահար և մանկավարժ Զոհրաբ Թադևոսյանը սկսել է ջութակ ուսումնասիրել 6 տարեկանում իր առաջին ուսուցիչ Լևոն Զորյանի ղեկավարությամբ։ 13 տարեկանից սովորել է իր հորեղբոր՝ պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանի մոտ։ Կարիերայում զգալի հաջողությունների հասնելուց հետո՝ 2002-ին, մեկնել է Մադրիդ՝ ուսանելու Թագուհի Սոֆյայի անվան բարձրագույն երաժշտական դպրոցում՝ Զախար Բրոնի ղեկավարությամբ։ 2003-ից Մադրիդի թագավորական օպերայի նվագախմբի անդամ է։
Իր ժամանակի մեծ մասը Զ. Թադևոսյանը տրամադրում է մանկավարժությանը, հաջողությամբ համատեղում է մենակատարի և կամերային երաժշտի կարիերան։ Թադևոսյանը պարբերաբար հրավիրվում է խոշոր փառատոների և վարպետության դասերի։ Հանդիսանում է Santander փառատոնի հրավիրյալ երաժիշտ։ 2010 թվականից Թադևոսյանը Թագուհի Սոֆյայի անվան բարձրագույն երաժշտական դպրոցի դոցենտ է՝ աշխարհահռչակ ջութակահար, մանկավարժ, պրոֆեսոր Աննա Չումաշենկոյի հետ համատեղ։ Բացի այդ, 2013թ.-ից նա Կատարինա Գուրսկայի անվան Երաժշտական կրթության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր է։
Սոֆյա Մելիքյանը ծնվել է Հայաստանում։ 16 տարեկանում տեղափոխվել է Իսպանիա։ Նա շրջագայել է Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Չինաստանում, Ճապոնիայում, Ավստրալիայում։ Լինելով բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր՝ Սոֆյան՝ որպես մենակատար, ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների խոշորագույն նվագախմբերի կազմում։ Նրա վերջին համերգներից կարևորվում են Նյու Յորքի Քարնեգի հոլում և Լինքոլն կենտրոնի «Բրունո Վալտեր» դահլիճում կայացած ելույթները, ինչպես նաև Օսակայի Իզումի համերգասրահի , Գուանչժոուի օպերային թատրոնի (Չինաստան), Սոֆիայի համերգասրահի (Բուլղարիա), Լյուսեմբուրգի «Շոպեն+» փառատոնի համերգները, Կուբայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի առաջնաելույթը Հավանայում և իսպանական Master Symphony Օrchestra-ի հետ շրջագայությունը։ Մելիքյանի կատարումները հեռարձակվել են Հայաստանի և Իսպանիայի Ազգային ռադիոյով և հեռուստատեսությամբ, Մելբուռնի ABC Clas sic FM և Չիկագոյի WFMT ռադիոկայաններով, MEZZO ֆրանսիական հեռուստաընկերությամբ և Նյու Յորքի WXQR ռադիոկայանով։ Սոֆյան սովորել է Մադրիդի թագավորական կոնսերվատորիայում, Փարիզի Ecole Normale de Musique Alfred Cortot կոնսերվատորիայում և Մանհեթանի Երաժշտության դպրոցում։
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային երրորդ փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 3-ին: Փառատոնը ներառում է 20 սիմֆոնիկ և կամերային երեկո, սիմֆոնիկ համերգները՝ յուրաքանչյուր շաբաթ և կամերայինը՝ չորեքշաբթի օրերին: Փառատոնն անցացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Դասական երաժշտության աջակցության հասարակական կազմակերպության և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո:
Նախորդող հրապարակումներ՝
Առաջին անգամ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կներկայացվեն ջազային մշակմամբ
Հետաքրքիր երկու ամիս՝ հայաստանյան երաժշտական կյանքում. Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոն
Արամ Խաչատրյանի անվան փառատոն. «Բոլոր արտիստները հասկանում են, թե ինչ կարևոր տարի է մեզ համար»