Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված «Թոռներ» ցուցահանդեսը` Ստամբուլում
Սեպտեմբերի 3-ից նոյեմբեր 1-ը Ստամբուլում գործում է Հայոց ցեղասպանության թեմային նվիրված «Թոռներ» ցուցահանդեսը: Ցուցահանդեսը համակարգողը ծնունդով արգենտինահայ, ներկայումս բեռլինաբնակ նկարչուհի Սիլվինա Տեր-Մկրտչյանն է: Թուրքական «Bianet.org» կայքը լայն անդրադարձ է կատարում ցուցահանդեսին, նրա ստեղծման պատմությանը, պատմական ու հոգեբանական կողմերին ու նշանակությանը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ցուցահանդեսում տեղ են գտել Մարիա Բեդոյանի, Մարտին Կարադաղյանի, Արման Թադևոսյանի, Միքայել Օհանյանի, Աշոտ Աշոտի, Թալին Բյույուքքյուքչյան –Դեմիրճյանի , Անի Սեթյանի, Հերա Բյույուքթաշչյանի, Մարիա Զոլամյանի, Արչի Գալենցի, Լինդա Գանջյանի աշխատանքները:
Նշենք, որ Սիլվինա Տեր - Մկրտչյանը սերում է Հայոց ցեղասպանության ընթացքում Անատոլիայից Արգենտինա տեղափոխված մի հայ ընտանիքից: Բեռլինում բնակություն հաստատելուց հետո սկսել է զբաղվել իր ընտանիքի պատմության, Անատոլիայի հետ ունեցած կապերի հետազոտությամբ, սկսել է ուսումնասիրել օսմանյան ժամանակների հայերի կենցաղը, նիստուկացը, մշակույթը:
Այդ ուսումնասիրությունները իրենց արտացոլումն են գտել նրա «Հուշամատյան» նախագծում: Տեր- Մկրտչյանը բազմիցս եղել է Ստամբուլում, կազմակերպել է երկու անհատական ցուցահանդես և մի շարք այլ մշակութային միջոցառումներ, որոնց ընթացքում կուտակված փորձն ու ստեղծված արժեքները հիմք են հանդիսացել նաև «Թոռներ» ցուցահանդեսի ստեղծման համար: