Իշխանության վերարտադրության մասին խոսելը, մեղմ ասած, անհեթեթություն է. Շիրակ Թորոսյան
«Դեմոկրատական կուսակցությունը դեմ է սահմանադրական բարեփոխումներին: Մեզ հիմա ծաղկեփունջ են մատուցում, որի մեջ կա մի քանի վարդ, շուշան, բայց դրա հետ մեկտեղ կան նաև փչացած ծաղիկներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով, սահմանադրական բարեփոխումների նախագծում շատ անհասկանալի դրույթներ կան. «Մեզ համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչ է նշանակում առնվազն 101 պատգամավոր: Անհասկանալի էր նաև նախագծում ամրագրված երեխայի կարծիքի ազատ արտահայտում սահմանումը, և թե որ տարիքային խմբի երեխաներին է դա վերաբերում»:
Ըստ նրա, ժամանակին իրենց համոզել են, որ նախկին կառավարման մոդելն է լավը. «Սահմանադրությունը, ցավոք սրտի, մեր կյանքում լուրջ դեր չի խաղացել, և այս փոփոխությունն էլ տալու ինչ-որ բան չունի: Սրան միայն գնում են իշխանական թևը պահելու համար»:
Հանդիպմանը ներկա «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն ասաց, որ անվազն 101 պատգամավորի թիվը անհասկանալի չէ. «Նշված է, որ եթե ընտրական օրենսգիրքը նախատեսի երկրորդ փուլ, դա կենթադրի պատգամավորների թվի աճ»:
ՀՀԿ-ական պատգամավորը խոսեց նաև «ոչ»-ի կողմնակիցների այն տեսակետից, թե այս փոփոխությունները իշխանություններին պետք են վերարտադրության համար և ասաց. «Իշխանության վերարտադրումը շատ ավելի պրակտիկ ու հեշտ է գործող սահմանադրությամբ: Այս իրավիճակում, երբ ՀՀ նախագահը հայտարարել է, որ որևէ պաշտոնի չի հավակնում և ընտրությունները կուսակցությունների պայքար են դառնում, այստեղ իշխանության վերարտադրության մասին խոսելը մեղմ ասած անհեթեթություն է»: