Սեդրակ Առաքելյանի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը՝ ՀԱՊ-ում (լուսանկարներ)
Հայաստանի Ազգային պատկերասրահում հոկտեմբերի 30-ին բացվելու է նկարիչ Սեդրակ Առաքելյանի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը: Պատկերասրահից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ ներկայացվելու են արվեստագետի ստեղծագործական տարբեր փուլերի գեղանկարչական ու գրաֆիկական երկերը, էտյուդներն ու էսքիզները: Ցուցադրությունն ընդգրկում է շուրջ 150 աշխատանք` ՀԱՊ-ի, տարբեր թանգարանների և մասնավոր հավաքածուներից: Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 30-ը:
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Սեդրակ Առաքելյանը (1884 թ., Նախիջևանի Բաբեկի շրջան- 1942 թ. Երևան) խորհրդահայ գեղանկարչության հիմնադիրներից է, բնանկարի ժանրի առաջնակարգ վարպետներից: 1908 թ-ին ավարտել է Գեղեցիկ արվեստները խրախուսող կովկասյան ընկերության Թիֆլիսի գեղանկարչության և քանդակագործության դպրոցը, որտեղ աշակերտել է Եղիշե Թադևոսյանին, 1916 թ-ին՝ Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը: 1919 թ-ին տեղափոխվել է Երևան:
1921–37 թթ-ին Առաքելյանը եղել է Երևանի գեղանկարչության և քանդակագործության դպրոցի (այժմ՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան) հիմնադիր-դասատուներից, 1921–25 թթ-ին՝ վարիչ: 1905–08 թթ-ին նկարիչն աշխատակցել է «Հասկեր» ամսագրին և «Մաճկալ» թերթին: Նրա արվեստը ձևավորվել է Ե. Թադևոսյանի գեղանկարչության, ռուսական ռեալիստական նկարչության և հայրենի բնաշխարհի ազդեցությամբ:
Նկարչի գործերի մեծ մասը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: Առաքելյանը մասնակցել է Վենետիկի (1924 թ.), Նյու Յորքի (1929 թ.), Ստոկհոլմի (1930 թ.), Փարիզի (1934 թ.) ցուցահանդեսներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա