Օգնություն սիրիահայերին. Բացվելու է Զուլում և Մուշեղ Գրիգորյանների աշխատանքների ցուցահանդես-վաճառքը (լուսանկարներ)
Այսօր Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոց-ցուցասրահում բացվելու է գեղանկարիչներ Զուլում և Մուշեղ Գրիգորյանների աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքը:
Ցուցահանդեսի խորագիրն է՝ «Կամուրջ»: Ցուցահանդես-վաճառքի ողջ հասույթը կտրամադրվի Հայկական բարեգործական ընդհանուր միության սիրիահայության օգնության ծրագրերին: Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Մուշեղ Գրիգորյանը:
«Ես առաջարկեցի Հայկական բարեգործական ընդհանուր միությանը նման ծրագրով հանդես գալ: Իրենք էլ ջերմ արձագանքեցին, և մենք կազմակերպեցինք այս ցուցահանդեսը»,- ասաց նա:
Ցուցահանդեսի խորագիրը, ըստ նկարչի, երկու խորհուրդ ունի. «Կամուրջ՝ իմ և հորս՝ Զուլում Գրիգորյանի միջև, քանի որ մեր երկուսի գործերն են ցուցադրվելու, և կամուրջ՝ Հայաստանի և Սփյուռքի միջև»:
Ցուցահանդես-վաճառքում ներկայացվելու է մոտ 60 աշխատանք: Նկարների արժեքը սկսած 500 դոլարից մինչև 1500 դոլարն են լինելու:
Պատասխանելով հարցին, թե Հայաստանում արվեստի գործեր գնողները շա՞տ են, Մ. Գրիգորյանը պատասխանեց. «Հասարակության շրջանում արվեստի նկատմամբ որոշակի վերաբերմունք, հետաքրքրություն կա, համապատասխանում է մեր երկրի, հասարակության ընդհանուր վիճակին»:
Ցուցահանդեսը շարունակվելու է հոկտեմբերի 26-ը ներառյալ:
ՀՀ ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանը ծնվել է 1932 թվականին: 1957 թվականին ավարտել է Երևանի Պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1957 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։
Զուլում Գրիգորյանն աշխատում է կոմպոզիցիայի և բնանկարի ժանրերում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հունգարիայում (1972), Չեխոսլովակիայում (1972), Գերմանիայում (1977), ԱՄՆում (1977), Դանիայում (1978),Ֆրանսիայում (1977, 1978), Մոսկվայում (1987), Երևանում (1994, 1998), Վիեննայում (2002):
Մուշեղ Գրիգորյանը ծնվել է 1960 թվականին Երևանում: 1985-ից մասնակցում է Հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։ 1988 թվականից Հայաստանի Նկարիչների միության անդամ է: Ցուցահանդեսներ է ունեցել՝ 1987- Մոսկվա, 1987-Աֆղանստան , 1990 – Շվեյցարիա, 1992 – Սիրիա, 2001- EuroArt Բարսելոնա, 2002- Տոկիո Արվեստի փառատոն, 2002- Բարսելոնա Int Art Promotion: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել՝ 1994, 1998 - Երևան, 2003- Վիենա, Ռուսական կուլտուրայի Ինստիտուտ, 2004- Փարիզ Cité des Arts , 2008- Երևան: