Հանրաքվեի քարոզչության ՀՀԿ-ի մարտավարությունը հայտնի կդառնա հոկտեմբերի 26-ին
Հոկտեմբերի 24-ին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչությունն իրականացնող Հանրապետական կուսակցության քարոզչական շտաբը կգումարի հերթական` 3-րդ նիստը` շտաբի մարտավարությունը հստակեցնելու համար: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Շտաբն արդեն երկու նիստ գումարել է: Հաջորդ նիստը կլինի շաբաթ օրը: Այդ օրը կոնկրետ մարտավարությունը հայտնի կդառնա, բացի այդ՝ հայտնի կլինի, թե ովքեր ինչ են անելու: Այդ նիստում կանդրադառնանք մարզային շտաբերին: Հոկտեմբերի 26-ին մեր մարտավարությունը հայտնի կլինի», -տեղեկացրեց Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ մարզային այցելությունների ժամանակ ներկա կլինեն նաև տվյալ ընտրատարածքից ընտրված ՀՀԿ-ական պատգամավորները, որպեսզի «ներկայացնեն սահմանադրական բարեփոխումների դրույթները»:
Հարցին, թե ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա լինելո՞ւ է քարոզարշավներին, Բաղդասարյանը պատասխանեց. «Նման հարց դեռ չենք քննարկել: Սերժ Սարգսյանը Մադրիդից կվերադառանա և կորոշվի իր մասնակցության ձևը»:
ԱԺ պատգամավորն ասաց նաև, որ հոկտեմբերի 24-ի նիստում շտաբը կորոշի, թե ով է լինելու քարոզչության պատասխանատուն: