ԱՄՆ դեսպանատնից հաստատում են ՌԴ քաղաքացու՝ իրենց տարածք ներխուժելը
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից Panorama.am-ի հետ զրույցում հաստատեցին լուրն այն մասին, որ նախօրեին ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի տղամարդը ներխուժել է ԱՄՆ դեսպանատուն և սպառնացել է վնասել ինքն իրեն:
«Երեկ օրվա երկրորդ կեսին դեսպանության անվտանգության աշխատակիցները նկատել էին, թե ինչպես մի մարդ չարտոնված կերպով ներխուժել էր դեսպանության տարածք: Դեսպանության անվտանգության աշխատակիցներն արագ վնասազերծել էին տարածքը, կասեցրել այդ անհատին, ում մոտ դրսևորվում էին անհավասարակշռության ակնհայտ նշաններ և նրան փոխանցել ՀՀ ոսիկանությանը: Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ պատկան մարմիններին օպերատիվ և արդյունավետ արձագանքման համար, և շարունակում ենք սերտորեն համակարգել աշխատանքները»,-նշված է դեսպանատան տրամադրած պարզաբանման մեջ:
Նշենք, որ համաձայն «Փաստինֆո»-ի տեղեկությունների՝ 30-ամյա երիտասարդը դեսպանատան պարսպից մուտք է գործել ներս ու դանակը պահելով պարանոցին՝ սպառնացել, որ եթե չտեսնի ԱՄՆ դեսպանին, ապա կկտրի իր պարանոցը: