The Washington Post. «Արևմուտքը չպետք է քծնի Թուրքիայի նախագահին»
Թուրքիայի նախագահին քծնելը մեծ սխալ է: Գնալով ակնհայտ է դառնում, որ պարոն Էրդողանն է դառնում երկրում տիրող անկայունության պատճառը՝ իր բռնակալական հակումներով և անկշռադատված մարտավարությամբ էլ ավելի խորացնելով բևեռացվածությունը երկրում: Անդրադառնալով Թուրքիայի քաղաքական կյանքին ՝ խմբագրականում գրում է The Washington Post պարբերականը:
Պարբերականը նկատում է, որ Թուրքիան առերեսվում է խնդիրների աննախադեպ մեծ քանակության՝ սկսած ԻՊ-ի դեմ պատերազմից, Բաշար Ասադի հետ «խամաճիկների պատերազմ» վարելուց, դրանց արդյունքում 2մլն-ից ավել փախստականների առկայությունից մինչև քրդերի հետ վերսկսած պատերազմ ու նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններ, որոնք հերթական անգամ կարող են անհաջող ելք ունենալ:
Պարբերականի դիտարկմամբ, արևմտյան՝ հատկապես եվրոպական շատ կառավարությունների կանխատեսելի խոնարհումը Էրդողանի առաջ և նրան տրվող օգնությունը՝ կանխիկ գումարից մինչև ԵՄ-ի հետ բանակցությունների ինտենսիվացում և ազատ վիզա, կարող է միայն օգնել իշխող կուսակցությանը՝ վերականգնել խորհրդարանական մեծամասնությունը, որը կորցրել է վերջին ընտրությունների արդյունքներով:
Շարունակելով, պարբերականը գրում է, որ Էրդողանը կեղտոտ արշավ է սկսել քրդերի դեմ այն դեպքում, երբ քրդերը Իրաքում ու Սիրիայում պայքարում են Իսլամական պետության զինյալների դեմ: Էրդողանի այդ մարտավարությունը, ըստ պարբերականի, բարեհաջող պայմաններ է ստեղծում հենց Իսլամական պետության համար:
«Արևմտյան առաջնորդներն ավելի լավ է խելամտություն դրսևորեն և սպասեն մինչ ընտրությունների ավարտը, քանի որ հարցումները ցույց են տալիս, որ Էրդողանի կուսակցությունը կրկին կարող է ձախողվել, չնայած, որ մյուս կողմից էլ երկրում տիրող անկայունությունը ազատ և արդար ընտրություններ անցկացնելու քիչ հնարավորություն է տալիս: Թուրքիայի համար լավագույնը կլինի կենտրոնամետ կոալիցիայի ձևավորումը և Էրդողանի՝ իր բռնակալական հավակնություններից հրաժարումը: Եթե Թուրքիան չհաղթահարի ներքին անկայունությունը, այն չի կարող լուծել երկրի բևեռացման խնդիրն ու հուսալի գործընկեր լինել Արևմուտքի համար»,- եզրակացնում է պարբերականը: