Հոկտեմբերի 24-ին Զվարթնոց տաճարը կլուսավորվի կապույտ լույսով
Հոկտեմբերի 24-ին՝ ՄԱԿ-ի օրը, անդամ պետությունները կմիանան ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70 -ամյակին նվիրված «Միացյալ ազգերի աշխարհը դարձնենք կապույտ» եզակի տոնակատարությանը: Երեկոյան աշխարհի ամենատեսարժան հուշարձանները, շինությունները, կամուրջներն ու այլ հիշարժան կառույցներ կլուսավորվեն կապույտ լույսով: Այն հնարավորություն կտա ընդգծելու ՄԱԿ-ի անդամ պետությունների միջև հարաբերությունը, ինչը նաև խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդ ունի:
ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունից տեղեկացնում են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70 ամյակի առթիվ անցկացվող եզակի նախաձեռնությանը կմիանա նաև Հայաստանը: Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-21:00-ը կապույտ լույսով կլուսավորվի Զվարթնոց տաճարը:
Հիշեցնենք, որ 2000 թվականից Էջմիածնի Մայր տաճարի, Սուրբ Հռիփսիմեի, Սուրբ Գայանեի և Վաղարշապատի մյուս եկեղեցիների հետ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը մի քանի տարի շարունակ Գնիշիկաձորի հովտի մշակութային լանդշաֆտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկն ընդգրկելու հայտ էր ներկայացնում, սակայն միշտ մերժում էր ստանում այն հիմնավորմամբ, որ լանդշաֆտի հետ կապված անելիքներ կան:
Նախարարության ներկայացուցիչներն այդ ժամանակ նշում է, որ այն երկիրը, որ ցանկի մեջ ընդգրկելու համար հուշարձան է ներկայացնում, պետք է ներկայացնի նաև ծրագիր` ինչ է նախաձեռնում պետությունը հուշարձանի պահպանման, հանրահռչակման համար: Նաև՝ կազկոմիտեն ներկայացնում է մի շարք չափանիշներ, որոնց պետք է համապատասխանի տվյալ հուշարձանը այդ պահին և դրանից հետո: Մինչդեռ շատերն այն համոզմունքին էին, հուշարձանի մոտ կառուցված ռեստորանն է պատճառը, որ անընդհատ հայտը մերժում էին:
Գնիշիկաձորի լանդշաֆտն ընդգրկում է 500 հա տարածք, որի մեջ մտնում են մի քանի հուշարձաններ: Պատմամշակութային հուշարձաններից նշանավոր են Նորավանքի վանական համալիրը, Արենիի եկեղեցին, որոնց կից կան մի շարք պատմամշակութային և բնության արժեքներ: