Մայրության նպաստ՝ նաև չաշխատող մայրերին. մասնագետի պարզաբանումները
2016 թվականի հունվարի 1-ից մայրության նպաստ կստանան նաև չաշխատող մայրերը: «Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում: Որոշումը մի շարք քննարկումների առիթ է տվել, քանի որ շատերը մայրության նպաստը շփոթում են երեխայի խնամքի կամ երեխայի ծննդյան միանվագ նպաստի հետ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ այս հարցին և ներկայացրեց մայրության նպաստը նշանակելուն և վճարելուն առնչվող հիմնական իրավակարգավորումները:
Վարչության պետը մանրամասնեց, որ ներկայումս երեխայի ծննդի առնչությամբ պետության կողմից տրվող նպաստները երեքն են:
Առաջինը հղիության և ծննդաբերության դեպքում տրվող մայրության նպաստն է, որը մինչև 2015թ-ի դեկտեմբերի 31-ը հատկացվելու է միայն աշխատող մայրերին, իսկ 2016 թվականի հունվարի 1-ից նաև`չաշխատող մայրերին: Այս նպաստը աշխատող կանանց տրվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի բոլոր օրացույցային օրերի համար: Հղիության և ծննդաբերության արձակուրդի տևողությունն է.
-140 օր (70 օրացուցային օր հղիության և 70 օրացուցային օր ծննդաբերության համար):
-155 օր (70 օրացուցային օր հղիության և 85 օրացուցային օր ծննդաբերության համար)` բարդ ծննդաբերության դեպքում:
-180 օր (70 օրացուցային օր հղիության և 110 օրացուցային օր ծննդաբերության համար)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Չաշխատող մայրերին մայրության նպաստը կտրվի աշխատող մայրերի համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի 140 օրվա համար:
Մայրության նպաստը տրամադրվում է միանվագ:
Երկրորդը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստն է, որը տրվում է բոլոր ընտանիքներին` անկախ մոր աշխատելու կամ չաշխատելու հանգամանքից: Այս նպաստի չափը մնում է անփոփոխ` 50 հազար դրամ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում, 1 մլն դրամ՝ երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան դեպքում, 1.5 մլն դրամ` 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում:
Երրորդը երեխայի խնամքի համար տրվող նպաստն է, որը նշանակվում և վճարվում է միմիայն վարձու աշխատող հանդիսացող մայրերին, որոնք գտնվում են մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում` մինչև երեխայի երկու տարին լրանալը՝ ամսական 18 հազար դրամի չափով:
Այսպիսով, «Պետական նպաստների մասին» օրենքի փոփոխության արդյունքում մայրության նպաստ կտրվի ոչ միան աշխատող, այլ նաև չաշխատող մայրերին:
Անահիտ Գալստյանը հիշեցրեց, որ օրենքն ուժի մեջ է մտնում 2016թ-ի հունվարի 1-ից, հետևաբար, չաշխատող մայրը նպաստի իրավունք ունի, եթե նրա «հղիության և ծննդաբերության արձակուրդի» սկիզբը հունվարի 1-ն է կամ դրանից հետո։ «Այդ ամսաթիվը պետք է նշված լինի ժամանակավոր անաշխատունակության թերթիկում, որպես հղիության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության սկիզբ»,- ասաց նա:
Վարչության պետի խոսքերով՝ չաշխատող կանանց մայրության նպաստի նշանակումը և վճարումը, ինչպես և աշխատող մայրերինը, հիմնված է ժամանակավոր անաշխատունակության թերթիկի վրա: Նրանք ևս աշխատող մայրերի նման իրենց նախածննդյան հսկողություն իրականացրած բուժհաստատությունից կստանան ժամանակավոր անաշխատունակության թերթիկ: Այդ թերթիկը չաշխատող մոր անձնագրի (նույնականացման քարտի), ծննդօգնության պետական հավաստագրի կամ դրա` բուժհաստատության (որտեղ նա ծննդաբերել է) տնօրենի ստորագրությամբ հաստատված և կնիքով վավերացված պատճենի հետ չաշխատող մայրը կամ այլ անձպետք է ներկայացնի չաշխատող մոր հաշվառման (բնակության) վայրի սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին ու այնտեղ լրացնի սահմանված ձևի դիմում: Ընդ որում`
Ա.մայրության նպաստը նշանակվում և վճարվում է, եթե շահառուն բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով,
Բ.մայրության նպաստը նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացնել ինչպես շահառուն` մայրության նպաստի իրավունք ունեցող կինը, այնպես էլ այլ անձ,
Գ. երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում, բացառությամբ այն դեպքի, երբ հղի կինը նախածննդյան հսկողության վաղ հաշվառման է կանգնել հղիության մինչև 12 շաբաթական ժամկետում,
Դ.ծննդօգնության պետական հավաստագիր չստացած կնոջը մայրության նպաստ նշանակվում է կնոջ` մինչև հղիության 12 շաբաթականը նախածննդյան հսկողության վաղ հաշվառման կանգնելու վերաբերյալ նախածննդյան հսկողություն իրականացնող բժշկական կազմակերպության (որտեղ հաշվառված է եղել հղին) տված տեղեկանքի հիման վրա,
Ե. նպաստը նշանակվում է դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո մեկամսյա ժամկետում սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժնի կողմից,
Զ. դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնել ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված 140 օրվա ընթացքում:
Ի դեպ, Անահիտ Գալստյանը նշեց, որ մայրության նպաստը կվճարվի և կանխիկ եղանակով, և անկանխիկ` բանկային հաշվին փոխանցելով: Ընդ որում, եթե չաշխատող մոր փաստաթղթերը ներկայացնում է այլ անձ, ապա գումարը տրամադրվելու է միմիայն անկանխիկ եղանակով՝ փոխանցվում է կնոջ անունով բացված բանկային հաշվին, որպեսզի ապահովվի նպաստի հասցեականությունը` գումարը տրամադրվի շահառուին:
Մայրության նպաստը կհաշվարկվի ժամանակավոր անաշխատունակության թերթիկում, որպես հղիության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության սկիզբ նշված օրվա դրությամբ օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափի հիման վրա` 140 օրվա համար: Մայրության նպաստը չաշխատող մայրիկների դեպքում 2016-ի հունվարի 1-ի դրությամբ (հաշվի առնելով նվազագույն ամսական աշխատավարձի չափը` 55000 դրամ) կլինի 126 600 դրամ:
Ըստ կանխատեսումների՝ 2016թ-ի հունվարի 1-ից տարեկան շուրջ 30 հազար չաշխատող մայր կստանա մայրության նպաստ, ինչի համար ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է շուրջ 4 մլրդ դրամ:
Հարցազրույցը՝ Հասմիկ Հակոբյանի
Լրահոս
Տեսանյութեր
Քյարամյանն ափսոսանք է հայտնում ԱԺ-ում իր և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի համար