ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է շոկոլադե սալիկների էժանացման պատճառները
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ուսումնասիրում է Snickers, Twix, Mars, M&M’s, KitKat և Bounty շոկոլադե սալիկների էժանացման պատճառները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Հանձնաժողովի նախագահն ասաց, որ այդ տեղեկատվության մասին իմացել են երկու օր առաջ ԶՄԼ-ներից, արդեն ուսումնասիրություն են սկսել և այս պահին դեռ չի կարող ասել, թե որոնք են էժանացման պատճառները. «Միայն կարող եմ ասել, որ երեկվանից ուսումնասիրությունը սկսել ենք՝ բացահայտելու համար այն պատճառները, որոնք հանգեցրել են էժանացման: Շոկոլադե սալիկներ ներկրող ընկերությունը խոշոր ընկերություն է հանդիսանում»:
Դիտարկմանը, թե միգուցե շուկայում հայտնվել է նոր ընկերություն, ՏՄՊՊՀ-ի նախագահն ասաց, որ չի կարող այդ հարցին պատասխանել, ուսումնասիրությունները սկսել են և դրա ավարտից հետո արդյունքների մասին կտեղեկացնեն:
Ա. Շաբոյանը հայտնեց, որ ներկրող ընկերությունը «Սլավ Գրուպ»-ն է, որ շուկայում ունի գերիշխող դիրք: