«Ակտիվ զարգանում են երկկողմ կապերը հին Եվրոպայի երկրների հետ, ակտիվ երկխոսություն է պահպանվում ԱՄՆ-ի հետ»
«Մենք շարունակում ենք ակտիվ համագործակցությունը մեր արևմտյան գործընկերների հետ, որոնց ակտիվ աջակցությամբ արդեն երկար տարիներ անցկացնում ենք լայնամասշտաբ բարեփոխումներ՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների կատարելագործմանը, օրենքի գերակայության ապահովմանը երկրի կառավարման գործում քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանը»,-Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային համաժողովի ժամանակ ունեցած ելույթում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը նշեց, որ օրեր առաջ Եվրոպական Միության Խորհուրդը որոշում ընդունեց Եվրոպական հանձնաժողովին՝ Հայաստանի հետ համագործակցության նոր իրավական բազայի մշակման շուրջ բանակցություններ սկսելու մանդատ տրամադրելու մասին:
«Ակտիվ զարգանում են երկկողմ կապերը հին Եվրոպայի երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի և Գերմանիայի հետ: Հայաստանը ակտիվ երկխոսություն է պահպանում Միացյալ Նահանգների հետ տարբեր մակարդակներում: Ակտիվացրել է իր աշխատանքը միջկառավարական հանձնաժողովը: Ստորագրվել է Առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը: Դյուրացվել է վիզային ռեժիմը: Հատուկ շեշտադրում է կատարվում գլոբալ մարտահրավերներին և սպառնալիքներին արձագանքման հարցերին: Մասնավորապես, Հայաստանը, որպես ատոմային էլեկտրակայան ունեցող երկիր, միջուկային անվտանգության հարցերի վերաբերյալ նախաձեռնության մասնակից է: ՆԱՏՕ-ի մասով Հայաստանը մասնակցում է միջազգային խաղաղապահ գործողություններին:
Վերջին տարիներին ակտիվացել են մեր հարաբերությունները Ասիա-Խաղաղօվկիանոսյան և Լատինամերիկյան տարածաշրջանների երկրների հետ: Ս.թ. մարտին կայացավ իմ պետական այցը Չինաստան, որի շրջանակներում նախանշվեցին առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի եւ հումանիտար ոլորտներում համագործակցության հեռանկարային ուղղությունները: Մենք զգալի ներուժ ենք տեսնում «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» նախաձեռնության ձևաչափով խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար, որը թույլ կտա բազմազանեցնել ոչ միայն Հայաստանի, այլև Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների լոգիստիկ հնարավորությունները»,- ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախորդող հրապարակումներ՝
«Վստահ եմ, որ մեզ կհաջողվի մեր լուման ներդնել ինտեգրացիոն գործընթացների հետագա առաջխաղացման գործում»
«Դիմադրել պատմության վերանայման փորձերին և անցյալից դասեր քաղել». Նախագահը 2015թ-ի 2 կարևորագույն իրադարձությունների մասին
ՀՀ նախագահ. Կուժեղանա ընդդիմության ինստիտուցիոնալ դերը
Ռուսաստանը կարևոր դեր է խաղում ԼՂ հակամարտության կարգավորման ուղիների որոնման գործում. ՀՀ նախագահ