«Կենդանացած կերպարներ»՝ Ռուսական արվեստի թանգարանում
Այսօր Ռուսական արվեստի թանգարանը (Պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) ներկայացնելու է «Կենդանացած կերպարներ» ծրագիրը, որը կոչված է մեծահասակներին և երեխաներին ծանոթացնել անուններով, սակայն հաճախ ոչ իրենց էությամբ ծանոթ թատերական այն կերպարների հետ, որոնք ներգրավված են եղել թատերական ճանաչված ավանդույթի` իտալական կոմեդիա դել արտեի ներկայացումներում: Այս մասին Panorama.am-ին տեղեկավրեց թանգարանի հանրահռչակման բաժնի վարիչ Տաթև Սարոյանը:
Նա նշեց, որ այցելուները, իսկ հետագայում նաև կրթական ծրագրերի մասնակիցները, տեղեկություններ կստանան կոմեդիա դել արտեի, նրա հերոսների մասին, որոնցից յուրաքանչյուրը մարդկային որոշակի բնավորության կրող է:
«Զուգահեռաբար այցելուները կծանոթանան ճանաչված նկարիչների բեմանկարչական գործերին` թատերական ներկայացումների էսքիզներին, որոնք առանձնահատուկ տեղ են գրավում ինչպես ռուսական ավանգարդի ժամանակաշրջանի արվեստում, այնպես էլ Երևանի Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուում: Ծրագրի ներկա փուլում այցելուները «կներթափանցեն» բեմանկարչության այնպիսի վարպետների ստեղծագործությունների վառ ու հիասքանչ աշխարհը, որպիսիք են Ալեքսանդր Բենուան և Սերգեյ Սուդեյկինը: «Իտալական կոմեդիայի» և «Ֆիգարոյի ամուսնությունը» համար ստեղծված նրանց էսքիզներն ասես կենդանանում են Իրինա Վանյանի հեղինակային տիկնիկ-կերպարների շնորհիվ, որոնք կատարված են մեծ վարպետությամբ, ճշգրտությամբ ու սիրով:
Ձաննին, Արլեկինը, Պուլչինելլան, սիրահարները – կոմեդիա դել արտեի կամ դիմակների կոմեդիայի այս բոլոր կերպարները, ինչպես նաև Ռոզինան, կոմս Ալմավիվան, Ֆիգարոն, Սյուզաննան, Մարսելինան և Բոմարշեի հանրահայտ կատակերգության մյուս հերոսները ասես իջնում են պատերից կախված նկարներից և կենդանանում այս զարմանալի տիկնիկներում: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր խառնվածքը, իր պատմությունը և մարդկանց գիտակցության մեջ` իր կերպարը: Տիկնիկները ներկայացված են նաև անոտացիոն տեքստերում, որոնք անհրաժեշտ նախնական տեղեկություններ են հրամցնում ժանրերի և գործող անձանց մասին:
Նախագծի ներկայացմանը կցուցադրվեն նաև դահլիճի այլ գործերում հանդիպող կերպարները պատկերող տիկնիկներ, իսկ հետագայում տիկնիկների հավաքածուն, որը ծառայելու է որպես ձեռնարկ Թանգարանի կրթական ծրագրերի համար, կհամալրվի նոր կերպարներով»,- ներկայացրեց Տ. Սարոյանը:
Ցուցահանդեսի և «Կենդանացած կերպարներ» նախագծի հովանավորն է Տարածաշրջանային զարգացման և մրցունակության «ԴԱՌ» հիմնադրամը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա