«Այնպես ծիծաղիր, որ երկու կես լինես». Սոս Սարգսյանի առաջադրանքը՝ դերասանին
Սոս Սարգսյանի ապրած ամբողջ կյանքը, գործունեությունը, ամեն վայրկյան նպաստում էր հայ ժողովրդի ինքնագիտակցության բարձրացմանը, ազգային մտածելակերպին, արվեստ սիրելուն: Իր ապրած կյանքով ապացուցում էր, որ անհաղթահարելի ոչ մի դժվարություն չկա, եթե նպատակդ բարի է, անպայման կհասնես, որքան էլ ճանապարհդ դժվար լինի, թվա, թե անհնար է այն անցնել,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի դերասան Վարշամ Գևորգյանը:
Դերասանուհի Տաթև Ղազարյանն ու դերասան Կարո Բալյանը նշեցին, որ հպարտ են լինել Սոս Սարգսյանի թատրոնի դերասաններ՝ իմանալով թատրոնի անցած ճանապարհը, խաղացանկը, տեսնելով այն ընկերական ու ջերմ մթնոլորտը, որ մշտապես ուղեկցում է իրենց:
«Ամեն օր նա մեզ մարդասիրություն էր սովորեցնում»,- ասաց Կ. Բալյանը:
Տաթևը հիշեց, որ Սոս Սարգսյանը շատ էր սիրում, երբ դրսում արև էր, տաք էր, սիրում էր դրսում ման գալ.
«Մի անգամ թատրոնի փորձասենյակում նստած էինք, հարցրեց՝ ի՞նչ եք ուզում: Կես կատակ, կես լուրջ ասացինք՝ հեռուստացույց: Ասաց՝ գնացինք: Երջանկություն էր ինձ համար՝ քայլում էի նրա հետ, նրա թևն ընկած: Թատրոնից մինչև հեռուստացույցի խանութ ընդամենը երկու րոպում կարող էինք հասնել: Բայց մենք հասանք քառասուն րոպեում: Ամեն րոպե մոտենում էին, հիացմունքի խոսքեր ասում: Որ ասում են իսկական արվեստագետ, սիրված դերասան, տաղանդավոր մարդ՝ իր մասին է: Երբեք չեմ մոռանա իր հետ անցկացրած այդ քառասուն րոպեն:
Փորձերից մեկի ժամանակ ասաց՝ Գագիկ այս տեսարան մտիր ու այնպես ծիծաղիր, որ երկու կես լինես: Առաջադրանք: Գագիկն ասաց՝ ինչպե՞ս դա անեմ: Պատասխանեց՝ դու կարող ես, ես չպետք է քեզ ասեմ: Գագիկի մոտ լավ ստացվեց: Ինքը գիտեր՝ ում ինչ ասեր: Երբեք չէր ասում՝ ինչպես խաղալ, կամ ինքն ինչպես է ուզում, որ մենք խաղանք: Ինքն ուղղակի գիտեր ամեն մի դերասանի հնարավորությունները, ընդունակությունները»:
Կ. Բալյանը հիշեց. «Մի օր ինձ երաշխավորագիր էր պետք: Ասացին որ ես գրեմ, իրենք կստորագրեն: Գրեցի, տարա որ Սոս Սարգսյանը ստորագրի: Կարդաց ու ասաց՝ ինչու ես քո մասին այդպիսի բաներ գրել: Սկսեց զրոյից գրել: Այնպիսի բաներ գրեց, որ երբեք ես չէի գրի իմ մասին կամ մեկ ուրիշը: Ցանկացած դերասանի նկատմամբ անհատական մոտեցում էր ցուցաբերում: Դերասանը, ով խոսում էր իր հետ ու աշխատասենյակից դուրս գալիս՝ աշխարհն իրենն էր»:
Սոս Սարգսյանը բարձր կարծիք է ունեցել երիտասարդ սերնդի մասին, դեմ չի եղել, որ դերասանները նկարահանվեն սերիալներում:
«Ասում էր՝ խաղացեք, բայց խաղացեք լավ, ազնիվ՝ չդավաճանելով ձեր բարձր մասնագիտությունը: Նա բարձր էր դասում դերասանի մասնագիտությունը: Ասում էր գնացեք, մասնակցենք, թող ձեզանից սովորեն»,- հիշեց Տ. Ղազարյանը:
Հիշեցնենք, որ 1929 թվականի հենց այս օրը Ստեփանավանում ծնվել է հայ թատրոնի և կինոյի անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:
Նախորդող հրապարակումներ՝
«Մշտական ներկայություն Սոս Սարգսյանին». Տերյան 65 հասցեում բացվեց Վարպետի հուշատախտակը (տեսանյութ)
Սոս Սարգսյանը թատրոն էր հիմնադրել երեք սկզբունքների հիման վրա
«Այսօր կարծես դատարկության է». Սոս Սարգսյանին հիշում է Հակոբ Ազիզիյանը
«... Ողջ աշխարհում դրանք միակն էին` արդարության և բարու համար տառապյալի աչքեր» (լուսանկարներ, տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան