Իրանն ու Ռուսաստանը Կասպից ծովում համատեղ զորավարժություն կանցկացնեն
«Իրանն ու Ռուսաստանը Կասպից ծովում համատեղ զորավարժություն կանցկացնեն»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրել է ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հաբիբօլլահ Սայյարին:
Իրանցի բարձրաստիճան զինվորականը տեղեկացրել է, որ իրանական ռազմանավերն առաջիկա օրերին կմոտենան Աստրախանի նավահանգստին: Նրա խոսքով՝ առաջիկա շաբաթվա ընթացքում ԻԻՀ և ՌԴ ռազմածովային ուժերը մեկօրյա համատեղ զորավարժություն կանցկացնեն:
Ծովակալ Հաբիբօլլահ Սայյարին, անդրադառնալով Կասպից ծովի անվտանգության ապահովմանը, նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը Կասպից ծովում ունի բնական պաշարներ, ուստի այստեղ իր շահերը պաշտպանելու հարցում հաստատակամ է: Իրանի ռազմածովային ուժերն ի զորու են կանխել Կասպից ծովի անվտանգությանը սպառնացող վտանգներն ու թույլ չտալ, որպեսզի այլ երկրները ներկայություն ունենան այստեղ»:
Նշենք, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մերձկասպյան 5 երկրների՝ Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի միջև ծովի իրավական կարգավիճակի հարցում տարաձայնություններ առաջացան: Իրանը գտնում է, որ ծովը պետք է բաժանվի հինգ հավասար մասի, և բացառում է որևէ այլ տարբերակի քննարկում: