«Աղքատ» նախարարը. Արմեն Երիցյանի կինը նրանից հարուստ է. «Ժողովուրդ»
Պարզվում է՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի կինը՝ Մերի Երիցյանը, ավելի հարուստ է, քան ամուսինը: Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:
«Այսպես, նախարարի դրամական միջոցներն անցած տարվա վերջին, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, կազմել են 24.5 մլն դրամ: Մինչդեռ նրա ամսական աշխատավարձը կազմում է 514 հազար դրամ, իսկ կենսաթոշակը՝ տարեկան 3 մլն 401 հազար դրամ: Նշենք, որ նախարարի կնոջ դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 90 մլն 80 հազար դրամ: Եվ ուշագրավն այն է, որ նախարարի՝ նման միջոցների տեր կինը ոչ մի տեղ չի աշխատում: Եվ այստեղ բնական հարց է ծագում՝ իսկ ինչպե՞ս է կարողացել նախարարի կինը ոչ մի տեղ չաշխատելով՝ նման կարողություն կուտակել: Տեղեկացանք, որ նախարար Երիցյանը 2014 թվականին հայտարարագրել է մեկ բնակարան և մեկ «Jeep Wrangler2.51» մակնիշի ավտոմեքենա:
Հավելենք, որ պաշտոնական հայտարարագրերը, որպես կանոն, Հայաստանի պաշտոնյաների իրական ունեցվածքի մի չնչին մասն են կազմում: Այդ փաստաթղթում ներառված տվյալներն ընդամենը արտացոլում են, թե տվյալ պաշտոնյան իր ունեցվածքի որ մասն է պաշտոնապես «ցույց տալիս»: Տվյալ դեպքում Արմեն Երիցյանը ցանկացել է ներկայանալ իբրև «համեստ» ունեցվածքի տեր պաշտոնյա, բայց ստացվել է, որ կինն իրենից հարուստ է»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան