«Մշտական ներկայություն Սոս Սարգսյանին». Տերյան 65 հասցեում բացվեց Վարպետի հուշատախտակը (տեսանյութ)
«Սոս Սարգսյանը զարմանալիորեն երբեք չծռմռվեց, երբեք չփորձեց խաղալ ֆրանսիացի, իսպանացի կամ ամերիկացի, Սոս Սարգսյանը երբեք չդավաճանեց Ստեփանավանը: Սոս Սարգսյանը թանկ է մեզ համար»,- Տերյան 65 հասցեում Սոս Սարգսյանի հուշատախտակի բացման արարողության ժամանակ ասաց ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը:
Նա նշեց, որ Սոս Սարգսյանն իր խաղացած բոլոր դերերում հայ էր՝ «խաղաց հայի ճակատագիր, դառնություն, անգամ նրա ժպիտի մեջ կար հայի դարդը»:
«Սոսը մեր մեծերից էր: Հպարտանանք, որ այսպիսի ուսուցիչ, ծնող ենք ունեցել»,- նշեց Ե. Ղազանչյանը:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, կինոգետ Դավիթ Մուրադյանն իր խոսքում ասաց. « Եթե մեր հիշողության մեջ վերակենդանացնենք Սոս Սարգսյանի դեմքը, մեզ կթվա, թե դա բոլոր ժամանակներում ապրած հայի դեմք է, հայ այգեգործի դեմք է, հայ դպիրի, պատմիչի դեմք է, «Հայկ և Բելի» առասպելը երգող գուսանի դեմք է: Սոս Սարգսյանի կերպարի և անհատականության մեջ հայությունն էր, սերունդներն էին, պատմությունն էր, ներկան էր և ապագան: Մշտական ներկայություն Սոս Սարգսյանին»:
Սոս Սարգսյանի այրին՝ Նելլի Սարգսյանն ասաց. «Ինձ համար աշխարհը դատարկվեց առանց Սոսի: Որպես մարդ հեքիաթային էր, զուսպ, համեստ, մեծահոգի, ազնիվ»:
Հուշատախտակի հեղինակն է ճարտարապետ Լևոն Իգիթյանը:
«Այս հուշատախտակը ստեղծելիս ղեկավարվում էի մի բանով՝ Սոս Սարգսյանը շատ լավ մարդ էր, սիրո մեծ պաշար ուներ իր մեջ և շռայլում էր, չէր պահում իր մեջ: Ինչքան շռայլում ես, այնքան մեջդ ավելի ու ավելի է կուտակվում:
Մեծ պարտք ունենք մեր մեծերին: Դրա մասին երբեք չպետք է մոռանանք»,- ասաց նա:
Գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանն ասաց, որ այս հուշատախտակը ևս մեկ փաստարկ է, որ Սոսը մեզ հետ է, իր քաղաքում է, այս փողոցով անցնողը, ինչքան էլ շտապի, կանգ կառնի ու Սոսի կերտած մի հերոսի մասին կմտածի.«Սոսը քայլեց դեպի անմահություն»:
Հիշեցնենք, որ 1929 թվականի հենց այս օրը Ստեփանավանում ծնվել է հայ թատրոնի և կինոյի անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նախորդող հրապարակումներ՝
Սոս Սարգսյանը թատրոն էր հիմնադրել երեք սկզբունքների հիման վրա
«Այսօր կարծես դատարկության է». Սոս Սարգսյանին հիշում է Հակոբ Ազիզիյանը
«... Ողջ աշխարհում դրանք միակն էին` արդարության և բարու համար տառապյալի աչքեր» (լուսանկարներ, տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան