Դիմակավորված անձանց «նալյոտ» «Նուրբարաշեն»-ում. ԱՆ ՔԿՎ-ն հերքում է
Արդարդատության նախարարության քրեակատարողական վարչությունը հերքում է երեկ գիշերվանից տարածվող տեղեկությունները, թե «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակավորված անձանց կողմից «նալյոտ» է կատարվել: «Այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Ավելի ուշ մանրամասն ինֆորմացիա կտարածենք», -Panorama.am-ին ասաց ԱՆ ՔԿՎ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը:
Այդ տեղեկությունը երեկ գիշերը առաջինը Facebook-յան իր էջում գրեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը. ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում այսօր տեղի ունեցած «նալյոտ» կոչվող վայրագությունը ցնցել է անգամ բանտում երկար տարիներ աշխատող հսկիչներին, թե ինչպես են անսպասելիորեն գեներալ մայոր Արթուր Օսիկյանի ղեկավարած վարչության աշխատակիցները դիմակավորված հարձակվել փակված անպաշտպան մարդկանց վրա, ջարդել նրանց ու քարուքանդ արել խցերը: Կալանավորներն ասում են, որ այսպիսի բան բանտում տեղի չէր ունեցել 2000թ-ից ի վեր: Ընդ որում, հարձակումը կրկնվել է երկու անգամ: Դե պատկերացրեք բանտարկյալների հոգեբանական վիճակը և այն մայրերի, որոնք ահաբեկված և խելագարված զանգահարում էին՝ չիմանալով ինչպես պաշտպանել իրենց զավակներին»:
Գիշերը գրած այս տեղեկությունն այսօր առավոտյան Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Ժաննա Ալեքսանյանը պնդեց և տեղեկացրեց, որ կալանավորների հարազատներից ինքը շարունակում է մինչ այժմ էլ զանգեր ստանալ այն մասին, որ բռնի հարձակում են գործել ազատազրկվածների նկատմամբ:
Նրա խոսքով, ինքն այդ մասին ահազանգել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի թեժ գծին, սակայն գրասենյակից հաղորդագրություն էին տարածել , որ իրավիճակը «Նուբարաշեն« ՔԿՀ-ում գիշերը հանգիստ է եղել:
«Հերքելով հո չի՞, մենք շարունակում ենք զանգեր ստանալ, իրավիճակն այնպիսին է եղել, որ նույնիսկ խցերում մատրասներ են վառել, որ ուշադրություն գրավեն: Ինչի պետք է մարդիկ նման պատմություններ ներկայացնեն», -մեզ հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:
«Օմբուդսմենի ներկայացուցիչները մոտ 2 ժամ գտնվել են քրեակատարողական հիմնարկում, զրուցել են դատապարտյալների հետ: Դատապարտյալները որևէ դժգոհություն այդ պահին չեն հայտնել: Այնուամենայնիվ, նրանց առաջարկվել է անհրաժեշտության դեպքում բանավոր կամ գրավոր դիմել Օմբուդսմենին: Այցելության ամբողջ ընթացքում ՔԿՀ-ում իրավիճակը հանգիստ է եղել, որևէ արտառոց միջադեպ չի արձանագրվել», -նշված է Օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները