Ֆրանսիական «Նաիրի» լարային կվինտետն ելույթ կունենա Հայաստանում
Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Վերադարձի» դասական երաժշտության 8-րդ փառատոնի 2-րդ համերգը՝ «Նաիրի» լարային կվինտետի (Ֆրանսիա) և ՀՀ վաստակավոր արտիստ, մեցցո-սոպրանո Աննա Մայիլյանի մասնակցությամբ:
«Նաիրի» լարային կվինտետը (Հայկ Դավթյան` ջութակ, Լյուսիե Բեսիե` ջութակ, Ցվետելինա Ալաջեմ` ալտ, Սոֆի Ռիբրո` թավջութակ, Վերոնիկ Գոտերոն` կոնտարբաս) ստեղծվեց, երբ հայկական ծագմամբ ջութակահար և դիրիժոր Հայկ Դավթյանը և նրա ֆրանսիացի գաղափարակից երաժիշտ-գործընկերները որոշել էին հանդիսատեսին ներկայանալ նաև կամերային անսամբլի կազմով:
Տարիների ընթացքում «Նաիրի» լարային կվինտետի երաժիշտները ստեղծել են ինքնատիպ երաժշտական ծրագրեր, որոնք ընդգրկում են դասական կոմպիզիտորների (Մոցարտ, Դվորժակ, Շոստակովիչ), ինչպես նաև հայկական, վրացական ազգային և հոգևոր երաժշտությունը: Կվինտետի երկացանկում մեծ տեղ է զբաղեցնում նաև ռուսական և հունգարական երաժշտությունը:
«Նաիրի» լարային կվինտետը բազմիցս շրջագայել է ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ արտերկրում:
Փառատոնի կազմակերպիչները հաղորդում են, որ համերգային ծրագրի ընթացքում կհնչեն Բ. Բրիտտենի, Օ. Ռեսպիգիի, Կոմիտասի ստեղծագործությունները: Ցեղասպանության ժամանակաշրջանի հայ պոեզիայից պատառիկներ կներկայացնի ֆրանսիաբնակ ասմուքող Հարություն Ասատրյանը: Համերգին իրենց մասնակցությունը կբերեն ՀՀ վաստակավոր արտիստ Լևոն Թևանյանը (դուդուկ, շվի, բլուլ) և Մովսես Խալաթյանը (դափ):
«Վերադարձի» դասական երաժշտության 8-րդ փառատոնն այս տարի նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին: Այն կազմակերպվել է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո` «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի կողմից (նախագահ` Մարիամ Շահինյան, տնօրեն` Գարիկ Նազարյան) և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը փառատոնի գլխավոր գործընկերն է: Փառատոնի մեկնարկը տրվել է հոկտեմբերի 19-ին, կշարունակվի մինչև նոյեմբերի 7-ը:
Նախորդող հրապարակում՝
«Մարդը հարուստ է իր արմատներով». Տիգրան Մանսուրյան