Ազատ տնտեսական գոտու տարածք տանող ճանապարհն անուն չունի
Ազատ տնտեսական գոտու տարածք մեքենաները մուտք են գործում Արգիշտի փողոցի և Հաղթանակի կամրջի հատման հատվածից սկիզբ առնող մոտ 700 մ երկարությամբ անանուն ճանապարհով։
Սա հաշվի առնելով, «Մերիդիան Ազատ տնտեսական գոտի» և «Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերությունները միջնորդություններ են ներկայացրել Արգիշտի փողոցի և Հաղթանակի կամրջի հատման հատվածից սկիզբ առնող և դեպի Կաշեգործների փողոց տանող մոտ 700 մ երկարությամբ ճանապարհահատվածը Ոսկերիչների փողոց անվանակոչելու վերաբերյալ։
Ճանապարհն անվանակոչելու մասին Երևանի ավագանու որոշման նախագիծը քննարկման կդրվի ավագանու առաջիկա նիստում:
Դեռևս իրավական ուժ չունեցող փաստաթղթից Panorama.am-ը տեղեկացավ, որ Ազատ տնտեսական գոտու տարածքում ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման, նախատեսվող ծառայությունների մատուցման, ներդրումների ապահովման համար կազմակերպիչներին անհրաժեշտ է ունենալ դեպի տարածք եկող բարեկարգ և ճանաչելի փողոց։ Կաշեգործների անունը կրող փողոցը, որի թիվ 70 հասցեի տակ թվագրված է Ազատ տնտեսական գոտին, Երևան քաղաքի քարտեզի վրա ընդհատվում է մինչև ընկերության տարածք հասնելը։
Ավագանու առաջիկա նիստում ևս երեկու փողոցի անվանակոչման հարց է ընդգրկված: ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանն առաջարկել է, Երևան քաղաքի Սարմենի փողոցի և Մարշալ Բաղրամյան պողոտայի միջանկյալ ճանապարհահատվածն անվանակոչել Գալոյան եղբայրների անունով:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ եղբայրներից Մուսայելը էղեկավարել է Ժողովրդական արվեստի թանգարանը, Ժողովրդական արվեստի հանրապետական գիտամեթոդական կենտրոնը, եղել է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրենը։ Նա հանդիսացել է Հայաստանի թատերական գործիչների, Հայաստանի գրողների և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ:
Ալեքսանդր Գալոյանի մասնակցությամբ հիմնվել է Հայաստանի քիմիադեղագործական գործարանը։ Մեծ է նրա դերը նաև Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագործական ֆակուլտետի բացման գործում։
Գալուստ Գալոյանը ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր է, պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, 1988թ. նրան շնորհվել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
Երևան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցն էլ կկրի հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանի անունը: Նրա անվանմբ Երևան քաղաքում փողոց անվանակոչելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել «Հայրիկ Մուրադյան» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Ն. Դելլալյանի կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին