Ականազերծման աշխատանքները շարունակվում են (լուսանկարներ)
Սյունիքի մարզի Սրաշեն համայնքում հոկտեմբերի 22-ին կայացել է նախկինում ականապատ, իսկ այժմ`33.000 քառ.մ. անվտանգ տարածքների հանձնման արարողությունը տեղական ինքնակառավարման մարմիններին: Արարողության սկզբին The HALO Trust կազմակերպության հայաստանյան ծրագրի ղեկավար Յուրի Շահրամանյանը և ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի գործողությունների բաժնի ղեկավար Արա Մարտիրոսյանն անցկացրել են կարճ բրիֆինգ, մասնակիցներին տեղեկացնելով մաքրված տարածքների ականազերծման և ստուգազննման աշխատանքների մեթոդների, հայտնաբերված և վնասազերծված ականների ու չպայթած զինամթերքների մասին: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի որակի վերահսկողության տեսուչները Սրաշենի համայնքապետի և Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ միասին ստուգել են ականազերծված և հանձնման ենթակա տարածքների գագաթակետերի GPS կոորդինատների համապատասխանությունը կազմված քարտեզներին, պատահական ընտրությամբ իրականացրել են հողանմուշների կրկնակի ստուգազննում:
Արդյունքում փաստվել է, որ Սրաշեն համայնքի 33.000 քառ. մ. ընդհանուր տարածքով «Սրաշեն-5» և «Սրաշեն-6» նախկին ականադաշտերն ականազերծված են, մաքրված են չպայթած զինամթերքից և այսուհետ կարող են անվտանգ օգտագործվել ի բարրօրություն համայնքի ազգաբնակչության: