Անելիքները դեռ շատ են. Վաչե Գաբրիելյան
«Այս տարի մենք ամփոփում ենք Հազարամյակի զարգացման նպատակները: Չնայած Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման առումով ակնառու նվաճումներին, մենք հասկանում ենք, որ անելիքները դեռ շատ են, այդ գործընթացն անհրաժեշտ է շարունակել և կատարելագործել»: Այս մասին նշել է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ նախօրեին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ՄԱԿ-րդ 70-րդ տարեդարձի միջոցառման ժամանակ: Տեղեկացնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունից:
«Այս մոտեցումն է հիմք հանդիսացել Հայաստանի համար ՄԱԿ-ի զարգացման նոր` ավելի համապարփակ և ընդգրկուն ծրագրի մշակմանը` «Ձևափոխելով աշխարհը. կայուն զարգացման օրակարգ 2030», առաջին իսկ օրից մասնակցելու համար: Նոր օրակարգն իր 17 նպատակներով և 169 թիրախներով կոչված է ապահովել աշխարհի բնակչության կյանքի որակի կայուն զարգացում բոլոր բնագավառներում»,-նշել է փոխվարչապետը:
ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Բրեդլի Բուզետոն հոբելյանին նվիրված պաշտոնական ընդունելության ընթացքում հնչեցրած իր խոսքում նշել է. «Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է հենց հանրապետության հիմնումից սկսած, և ՄԱԿ-ը ևս ի սկզբանե ակտիվ է եղելՀայաստանում: Մենք հպարտ ենք մեր ձեռքբերումներով՝ ավելի վաղ շրջանում հակամարտությունից տուժած մարդկանց ցուցաբերած օգնությունից մինչև աղետներին պատրաստվածություն, երեխաների իրավունքների բարելավում, մանկական մահացության դեպքերի կրճատում, գենդերային հավասարության ամրապնդում և մարդու իրավունքների պաշտպանություն»:
Նշենք, որ տարեդարձը նշելու համար՝ աշխարհի տարբեր ծայրերում հուշարձաններ և շենքեր լուսավորվում են ՄԱԿ-ի կապույտ գույնով: Հայաստանը ևս միացել է «Ներկիր աշխարհը ՄԱԿ-ի կապույտով» համաշխարհային արշավին: Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Վաղարշապատի 5-7-րդ դարի Սուրբ Գրիգորի տաճարը (Զվարթնոց), Դիլիջանի 19-20-րդ դարի «Թուֆենկյան հին Դիլիջան» համալիրը և Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանը աշխարհի ավելի քան 65 երկրներից մոտ 300 հուշարձանների, շենքերի, թանգարանների, կամուրջների ցանկում են, որոնք հոկտեմբերի 23-ին և 24-ին կլուսավորվեն կապույտ գույնով:
1945թ. հոկտեմբերի 24-ին՝ 70 տարի առաջ ուժի մեջ մտավ ՄԱԿ-ի հիմնարար կանոնադրությունը՝ այդպիսով հայտարարելով կազմակերպության հիմնադրումը: Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակն սկսեց գործել 1992թ. դեկտեմբերից՝ այն բանից հետո, երբ նույն թվականի մարտին Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ:
Նախորդող հրապարակումներ՝
ՄԱԿ-ի կապույտ դրոշը հույսի փարոս էր ինձ համար. Բան Կի Մուն
Եվս երեք հուշարձաններ կլուսավորվեն ՄԱԿ-ի պաշտոնական կապույտ գույնով
Հոկտեմբերի 24-ին Զվարթնոց տաճարը կլուսավորվի կապույտ լույսով