ԱԺ-ում քննարկվում է նույնականացման քարտերով քվեարկելու հարցը
Ազգային ժողովում այսօր ՀՀ ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին հարցն ընդգրկվեց ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ՀՀ ընտրական օրենսգրքում «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ` սահմանելով, որ քվեարկության ժամանակ նույնականացման քարտը նույնպես համարվում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ: Միաժամանակ, նախատեսվում է, որ նույնականացման քարտը չի դրոշմակնքվում:
Այս նախաձեռնությունն ԱԺ նիստերի օրակարգ ներառելու հարցին կողմ քվեարկեց 82, դեմ՝ 18 և ձեռնպահ՝ 15 պատգամավոր:
Նույնականացման քարտերով քվեարկությանը մասնակցելու հնարավորություն ընձեռող օրենքի նախագիծը Ազգային ժողովը կքննարկի հատուկ ընթացակարգով:
Օրենսդրական նախաձեռնության հեղինակ, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը պարզաբանեց, որ այս հարցի հետ կապված հանձնաժողովում բազմաթիվ քննարկումներ են անցկացվել, և բոլորն են խոսել այն մասին, որ քաղաքացիները քվեարկությանը կարող են մասնակցել նաև նույնականացման քարտերով:
«Մենք այս նախաձեռնությամբ ընդամենը երկու հարց ենք լուծել: Փորձել ենք վերացնել «Ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում առկա այն նորմերը, որոնք հակասում են Սահմանադրությանը: Բացի այդ, փորձել ենք վերացնել նաև այդ երկու օրենքների միջև հակասությունները»,- նշեց Հ.Սահակյանը՝ հավելելով, որ այս ամենն արվել է, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան քվեարկել նաև նույնականացման քարտերով:
Անդրադառնալով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հայտարարությանը, թե այս դեպքում կարող է կիրառվել երկակի ստանդարտներ, Հ.Սահակյանն ասաց, որ դա կարող է լինել այն դեպքում, եթե այս նախաձեռնությունը կյանքի չկոչվեր, ուստի բացառվում են երկակի ստանդարտները:
Նա նշեց, որ կա ժամկետների սղություն, պետք է ըմբռնումով մոտենալ և քաղաքացիները նույնականացման քարտերով կարող են մասնակցել հանրաքվեին: