Լեգենդար ջութակահար Ջոշուա Բելը՝ հայկական բեմում
Արամ Խաչատրյան համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում նոյեմբերի 15-ին տեղի կունենա լեգենդար վիրտուոզ ջութակահար Ջոշուա Բելի համերգը The Academy of ST Martin in the Fields նվագախմբի մասնակցությամբ։ Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին փառատոնի կազմակերպիչները:
Ջոշուա Բելը մեր դարաշրջանի ամենահայտնի ջութակահարներից է, ով իր բարձր կատարողական արվեստի և բազմաժանր երաժշտական հետաքրքրությունների շնորհիվ եզակի երևույթ է այսօրվա դասական երաժշտության աշխարհում: 2011թ.-ին Ջոշուա Բելը դարձավ Academy of St Martin in the Fields նվագախմբի տնօրենը:
Լինելով «Սոնի քլասիք» ընկերության բացառիկ արտիստ՝ Բելը ձայնագրել է ավելի քան 40 ձայնասկավառակ։ Իր առաջին ձայնագրությունը կատարելով 18-ամյա հասակում «Դեկկա»-ի հետ՝ արժանացել է «Գրեմմի», «Հերմես», «Պատեֆոն» և «Էքո քլասիք» մրցանակներին։
Academy of St Martin in the Fields նվագախումբը, Բելի ղեկավարությամբ, առաջին անգամ թողարկել է Բեթհովենի թիվ 4 և 7 սիմֆոնիաները, որը Բիլբորդի ցանկում գրավել է առաջին տեղը: Վերջին ձայնագրություններից են «Ֆրանսիացի իմպրեսիոնիստները»՝ դաշնակահար Ջերեմի Դենքի հետ, «Տանը ընկերների հետ», Վիվալդիի «Չորս եղանակները»` Academy of St Martin in the Fields նվագախմբի հետ և Չայկովսկու Ջութակի կոնցերտը՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Բելի դիսկոգրաֆիան ներառում է ջութակի երկացանկի մեծ մասը: Բելը համագործակցել է համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ արվեստագետների հետ՝ Սթինգ, Ջոշ Գրոբան, Չիկ Կորեա, Բրանդֆորդ Մարսալիս,Էդգար Մեյեր, Բելա Ֆլեք և Ջոն Կորիլիանոյի օսկարակիր «Կարմիր ջութակ», Նայջել Հեսի երաժշտությունը՝ «Մանուշակագույն հագած կանայք» ֆիլմում:
Բելը նվագում է 1713 թվականին ստեղծված, ականավոր երաժիշտ Բրոնիսլավ Հուբեռմանին պատկանող Ստրադիվարիուսի ջութակով և օգտագործում է 18-րդ դարի ֆրանսիացի վարպետ Ֆրանսուա Տուրտիի պատրաստած աղեղը:
Աշխարհի լավագույն Academy of Saint Martin in the Fields կամերային նվագախումբը հիմնվել է 1958թ.-ին` Սըր Նևիլ Մարիներիկողմից՝ լոնդոնցի մի խումբ առաջատար երաժիշտների կազմով։ Նվագախումբն իր առաջին ելույթն ունեցել է համանուն եկեղեցում` 1959թ.-ի նոյեմբերին։ Կենդանի կատարումների և բազմաթիվ ձայնագրությունների միջոցով (որը ներառում է 1969թ.-ին բեսթսելեր դարձած Վիվալդիի «Տարվա եղանակների» և 1985-ի օսկարակիր «Ամադեուս» ֆիլմի երաժշտության ձայնագրությունները), Academy of Saint Matin in the Fields շատ արագ ձեռք է բերել աննախադեպ միջազգային հեղինակություն՝ տարբերվող, նրբին և վճիտ հնչողության համար։
Նվագախումբը 2015–2016թթ. համերգներով և միջազգային հյուրախաղերով հանդես կգա Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում:
Academy of Saint Matin in the Fields -ը աշխարհում ամենից շատ ձայնագրված ավելի քան 500 ձայնագրություն՝ կամերային նվագախմբերից մեկն է։ Այս համերգաշրջանում Ակադեմիան նախատեսել է Ջոշուա Բելի հետ ձայնագրել Բեթհովենի սիմֆոնիաների շարքի երկրորդ ալբոմը՝ հետևելով քննադատների կողմից բարձր գնահատված Բեթհովենի թիվ 4 և 7 սիմֆոնիաներին, որոնք առաջին տեղ են գրավել Բիլբորդի դասական ալբոմների ցանկում (2013թ., մարտ)։
Համերգն անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի և մշակույթի նախարարութան աջակցությամբ։
«Երևանյան հեռանկարներ» փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Նախորդող հրապարակում՝
Հայաստանն ընդունելու է անհավանական հյուրերի. «Երևանյան հեռանկարներ»
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա