Թուրքագետ. ԱԶԿ-ին պատժած ընտրողները կարող են վերանայել իրենց մոտեցումը
Այս ընտրությունների հիմնական պատկերը էականորեն չի փոխվի նախկինից, սակայն քվեների փոքր շեղումներն էլ կարող են ընտրությունների արդյունքների վրա կարևոր ազդեցություն ունենալ: Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով առաջիկա կիրակի Թուրքիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին ու հնարավոր արդյունքներին, նման կարծիք հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը։
«Հիմնական խնդիրը մնում է այն, թե ԱԶԿ-ին կհաջողվի արդյոք այս անգամ ապահովել մեծամասնություն և այս առումով թերևս այս ընտրությունները ԱԶԿ-ի համար յուրահատուկ հանրաքվեի նշանակություն ունեն»,-ասաց նա։
Լ. Հովսեփյանն ընգծեց, որ շատ բան կախված է նրանից, թե հիմնական կուսակցություններն ինչպես են կարողանալու ազդել ընտրազանգվածի վրա, ինչպես են հաջողելու իրենց կողմը գրավել բավական մեծ թիվ կազմող չկողմնորոշված հատվածին:
«Դա ամենակարևորն է, որը կարող է որոշակիորեն պատկեր փոխել: Թուրքիայում անցկացված մեկ տասնյակից ավելի նախընտրական սոցհարցումները համենայն դեպս թույլ չեն տալիս պնդել ԱԶԿ-ի՝ մեծամասնություն ունենալու հավանականության վրա, հիմնական պատկերը կրկին ցույց է տալիս Թուրքիայում կոալիցիոն հեռանկարը»,-ասաց թուրքագետը։
Մյուս կողմից՝ հունիսի 7-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները իրենց ազդեցությունը կթողնեն ընտրական արդյունքների վրա՝ թե կոալիցիոն հոգնեցնող ու անարդյունք բանակցությունները, թե երկրում անկայունությունը, թե քրդական զինյալ գործողությունները և թե տնտեսական խնդիրները: Նրա խոսքով, հասարակության համար հիմնական սպասելիքը երկրում կայունությունն է, և որքան էլ պարադոքսալ հնչի, սա կարող է վերակողմնորոշել այն ընտրողներին, որոնք դեմ էին քվեարկել ԱԶԿ-ին: Թուրք ընտրողները հունիսի 7-ին պատժեցին ԱԶԿ-ին, բայց այս անգամ կարող են վերանայել իրենց մոտեցումը հատկապես կայունության առաջնահերթության տեսանկյունից, քանի որ հետընտրական իրավիճակը բավական բարդ էր, իսկ երկիրը՝ անկայունության մեջ: