ԲՀԿ-ն միջազգային պատվիրակություններից հետ է կանչել իր անդամներին. Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ԲՀԿ-ն միջազգային պատվիրակություններից հետ է կանչել իր անդամներին:
«Միջազգային պատվիրակություններից բոլորը, այդ թվում` ես, հետ ենք կանչվել, ես ինքս ինձ հետ եմ կանչել երկու կարևոր առանցքային պատվիրակություններից` «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովից, որտեղ քաղաքական հանձնաժողովի փոխնախագահն էի, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի վեհաժողովից»,- նշեց Ն.Զոհրաբյանը:
Այսպիսով, ըստ նրա, միջազգային պատվիրակություններից հետ է կանչվել Ստեփան Մարգարյանը, ով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական վեհաժողովի անդամ էր, Էլինար Վարդանյանը՝ ՆԱՏՕ-ից:
«Միքայել Մելքումյանը Սևծովյան համագործակցության մեկ նիստի կմասնակցի, կարևոր ելույթ է ունենալու, և նա ևս վայր կդնի այդ պատվիրակությունում իր լիազորությունները: Բոլորն արդեն հետ են կանչված, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գրությունը ստացել ենք, որ ձեր դիմումի համաձայն վերոնշյալ անձինք, այդ թվում` ես, հետ ենք կանչվել պատվիրակությունների կազմից»,- ասաց նա՝ հավելելով, որ առաջիկայում իրենց խմբակցությունը նիստ կգումարի և անհրաժեշտ փոխատեղումներ կլինեն:
Նաիրա Զոհրաբյանը նաև հայտնեց, որ ԲՀԿ-ն «Այո»-ի քարոզարշավը կիրականացնի առանց ՀՀԿ-ի: Նրա խոսքերով՝ ԲՀԿ-ն արդեն կազմել է «Այո»-ի քարոզարշավի ժամանակացույցը և շուտով կսկսի իր հանդիպումները: Ըստ Ն.Զոհրաբյանի՝ իրենք բացառում են հանրահավաքային ժանրը, ընդամենը հանդիպումներ են ունենալու իրենց ընտրողների հետ՝ ներկայացնելու նոր Սահմանադրության նախագիծը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան